пятница, 27 мая 2011 г.

ՉԵՄ ՆԵՂԱՆԱ ...


Կարոտիս լեզուն ես չեմ հասկանում `
Այն մերթ բացվում է, ասելիք ունի ,
Մերթ էլ` լռում է, անդարձ համրանում ,
Կարոտս գուցե լեզու էլ չունի ?...

Կարոտիս գույնը կարծես չեմ տեսնում `
Կապույտ է, անգույն, թե`արդեն չկա ...
Ձուլվել է լույսին, կամ էլ` անհունում
Գուցեև հառնի որպես ծիածան ...

Գիտես` կարոտըս աչքեր էլ ունի `
Ինքս գիտեի այդ մասին վաղուց ,
Բայց չգիտեի, որ քո աչքերի
Արտացոլանքն է նրա խորքերում ...

Կարոտիս ձայնը դու դեռ չես լսել `
Հնչյուն է, աղմուկ, թե` խենթ զառանցանք ...
Աղոթքի մրմունջ, հոգեպարար երգ ,
Որ լոկ ծնում է չանցնող կարոտախտ ...

Կարոտըս նաև անուն էլ ունի `
Թող առայժմ այն դեռ գաղտնիք մնա ,
Իսկ եթե հանկարծ լեզվիցըս թռչի ,
Դու խու~լ ձևացիր...ես չեմ նեղանա ...


понедельник, 23 мая 2011 г.

ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ ...


Դրսում անձրևն է միալար լալիս ,
Կաթ-կաթ հավաքում բյուրեղն արցունքիս ,
Բուռ-բուռ շաղ տալիս կարոտի փոշին ,
Քայլ-քայլ խտացնում մշուշն աչքերիս ...

Անձրևի ամեն հարվածը դեմքիս
Նոր մեղեդի է, նոր երգի ծնունդ ,
Գույների վալսն է խենթանում մեկից ,
Իրար խառնելով ժպիտ ու արցունք ...

Արցունքի ճամփան անձրևի պես է `
Նա էլ է թափվում <ամպած երկնքից> ,
Նրա բյուրեղը անհաստատ, թույլ է `
Հյուսված երազի անտես թելերից ...

Երազի շղթան ծիածան չէ լոկ ,
Այն մտքի երթ է, հոգու կաղապար ,
Խոնարհված աչքեր, շուրթեր աղոթող ,
Անծիրին նայող կապտած մի հայացք ...

Դրսում անձրևը կարոտիս փոշուց
Հևիհև հունցեց ...քայլող մի անուրջ ,
Որի համրացած ու լուռ ստվերում
Լոկ նշմարեցի <խորտակված կամուրջ> ...

пятница, 20 мая 2011 г.

ՍԵՎ ՈՒ ԿԱՊՈՒՅՏ ...


- Տուր ինձ աչքերիդ թախիծն անսահման ,
Որ ես մեծ սիրո հեքիաթներ հյուսեմ ,
Թող քո աչքերն իմ օվկիանը դառնան ,
Իսկ ես թող այնտեղ խենթի պես ճախրեմ .../Հայկո/

- Կապույտ աչքերը քո ինչին են պետք ,
Հեքիաթի դեղին լույսերը վառիր ,
Երկնքից վերև կա մեծ Տիեզերք `
Նրա անհունում թևերըդ բացիր .../Գ.Փ/

-Տուր ինձ աչքերիդ թախիծն անսահման ,
Ես այն խելագար օվկիան կդարձնեմ ,
Իսկ քո աչքերը թող փարոս դառնան ,
Որ խենթ օվկիանում ես չխորտակվեմ .../Հայկո/

- Աչքերըս վաղուց երկինք բարձրացած `
Աստղեր են դարձել շատերի համար ,
Ու հսկում են, որ չմտնի օվկիան
Ոչ մի խենթացած, անփույթ նավավար .../Գ.Փ/

- Տուր ինձ աչքերիդ թախիծն անսահման `
Նրանով հոգուս դատարկը լցնեմ ,
Թույլ տուր աչքերիդ գերին ես դառնամ
Ու նրանց խելառ օվկիանում խեղդվեմ .../Հայկո/

- Հոգուդ դատարկը լցրու երգերով ,
Շղթաներ փշրիր հնչյունի զարկով ,
Իսկ իմ թախիծը թող մնա ինձ մոտ `
Այնտեղ կսուզվի մեկ ուրիշ լողորդ .../Գ.Փ./


понедельник, 16 мая 2011 г.

ԱՔՐՈՍՏԻԿՈՍ...


Մարող կարոտըս նոր շունչ է առել ,
Իսկ լույսն աչքերիս` քիչ-քիչ խտացել ,
Խենթացած հոգուս մեղեդու կանչից
Երազն է փախչում ափերիս միջից ...
Ներկան վրձնում է գույների տարափ ,
Թևածող պատրանք, մտքի հանգրվան .
Վարանում եմ ես...իսկ իմ ապագան`
Անուրջ է գերող, թե` հոգու < զնդան > ...
Նայել եմ ուզում մի զույգ աչքերի`
Ես այնտեղ գուցե պատասխան կարդամ ,
Ցնորքը պատռեմ հարվածով վրձնի ,
Իրական տեսնեմ երազի ճամփան ...


пятница, 13 мая 2011 г.

ԴԱՐՁԻՐ ԻՆՁ ...ՆՎԵՐ


Նվիրիր դու ինձ ծիծաղն աչքերիդ ,
Դրանով օրվա կնճիռը հարթեմ ,
Թել-թել բաժանեմ անցնող ժամերին ,
Ու քո հայացքով աշխարհին նայեմ ...

Նվիրիր դու ինձ թռիչքը մտքիդ ,
Ուզում եմ անվերջ պեղումներ անել ,
Երազի ճամփան, երգը աստղերի
Իրենց խորությամբ դեռ չեմ վերծանել ...

Նվիրիր դու ինձ կրակը հոգուդ ,
Ուզում եմ նրա բոցում լու~ռ այրվել ,
Շիկանալ, թրծվել ու նոր որակով
Հոգուս ձուլվածքը ձեռքերիդ դնել ...

Նվիրիր դու ինձ գույնը կարոտիդ ,
Որ իմ կարոտի ծովում չխեղդվեմ ,
Գտնեմ հուսալի մի փրկագոտի ,
Ու երազներս ողջ ափ դուրս հանեմ ...

Իսկ եթե չուզես ոչինչ նվիրել ,
Թե անհաս մնա տենչըս քո հոգուն ...
Լո~կ ներկայությամբ դարձիր ինձ նվեր ,
Տեղա անխնա իմ խելառ կյանքում ...

четверг, 5 мая 2011 г.

Քամին ծեծեց պատուհանը…Վերջերս կարծես նա փոստատարի դեր է կատարում. այս անգամ էլ ծրար ուներ ձեռքին… Զգում էի, որ սառն են քամու ափերը…Հասկացա, որ նա ինձ տաք տողերի պարան չէր տալու. այն կտրվել էր ճանապարհին` ցրտից…հոգո՞ւ, թե՞ …Ինչևէ, պետք էր վերցնել ծրարը…քամին պատասխանի էր սպասում…Ինչպես ակնկալում էի` այնտեղ չկար նամակ …միայն խոնավ մատնահետքեր էին …Շատ բան կարդացի, շատ բան հասկացա, բայց անկարող էի տաք շնչով լցնել պատասխանըս …Իմ մատնահետքերի հետքերն էին անգամ թրջված… Որոշեցի ծրարը հանձնել քամուն` առանց հասցեատիրոջ…Թող իմ հոգու թացությունը ոչ ոք չտեսնի…Թող քամին իր պաղ ձեռքերով կորցնի այն, ինչ խանգարում է տաք տողերի ամրությանը…
Հոգին որքա~ն կարիք ունի ցրտից պաշտպանվելու...