воскресенье, 15 января 2012 г.

Օգնիր ` չհոգնել ...


Այնպես եմ հոգնել ուժեղ լինելուց`
Ուզում եմ փլվել քո ուսին մի պահ,
Հոգնել եմ բեռըս մենակ կրելուց`
Օգնիր ինձ գոնե հայացքով քո տաք...

Այսքան երազներն ես ում բաժանեմ`
Դրանք ծնվել են քեզ կարոտելուց,
Աչքերիդ լույսը վարագույր դարձնեմ`
Փակվեմ օտարի հայացքից հեռու...

Այնպես եմ հոգնել քեզ որոնելուց`
Ամեն տեղ ես դու, բայց նաև...չկաս...
Իսկ եթե հոգնեմ երգեր գրելուց`
Ինձ փոթորկի պես օգնության կգաս...


четверг, 12 января 2012 г.


Այսօր ուզում եմ զրուցել քեզ հետ լիալուսնի միջոցով...Հիշում ես, մենք հաճախ էինք քայլում աստղային համայնապատկերով ու նաև հանգրվանում լուսնային կայարանում...Մեր ոտքերը լուսնոտ էին, իսկ զրույցները` լուսնահամ...Բայց մենք ավելի շատ լռում էինք, քան` հնչյունների օգնությանը դիմում...Լուսինն էր թարգմանում մեզ և թարգմանում...մեզանից լավ...Այն այսօր էլ է նույնն անում...
Երբ փորձեցի մտովի հիշել քո դեմքը, նա իր փոշով փակեց աչքերս...Հասկացա,որ հիշել պետք չէ այն ժամանակ, երբ իրականությունը կողքիդ է...Իրոք, երբ լուսնափոշին անցավ, հայացքս պարզվեց...Դու այնտեղ էիր, իմ պատուհանից դուրս, խտացած էիր լիալուսնի մեջ, որի հետ կարծես << հավերժաբար > եմ զրուցել ես...
Ինձ ոչինչ չէր մնում անել, քան` փակել աչքերըս ու շարունակել իմ լուսնային ճամփորդությունը...


воскресенье, 8 января 2012 г.

ԻՄ << երազը >>


Երբ փորձում եմ որևէ պատկեր կենդանացնել, դիմում եմ գրչի օգնությանը ... Այսօր այն դանդաղում է ... Մտովի նամակ կգրեմ ու կծրարեմ արևամուտի շողերով ...
Ամիսներ առաջ մի հետաքրքիր կծիկ էի գտել...դրանից ինձ համար երազ հյուսեցի ...Այն իմ բերկրանքը դարձավ ...Տարվա բոլոր եղանակները համտեսեցին նրա ժպիտը, իսկ աստղերն իրենց աստղափոշին շռայլեցին, որպեսզի այն պահպանի իր փայլն անգամ այն ժամանակ, երբ փայլելը շատ դժվար էր ...Ես լուսնին գիշերը խնդրում էի` լուսավորի իմ երազի ճամփան, իսկ լուսաբացին արևին էի թախանձում, որ չկուրացնի նրա աչքերը, դրանք պահպանի ինձ համար ...
Այնքան խճճվեցի իմ հյուսած տեսիլքում, որ ...կուրացա ինքըս ...Իսկ երբ փորձեցի ձեռքըս մեկնել գրչին, որ վերակենդանացնեմ երազիս պատկերը, չգտա ճերմակ էջեր ...Մթություն էր ...Ես կուրացել էի իմ իսկ հյուսած երազի փայլից ...
Մտքով գտա արևամուտի շողերը, ծրարեցի իմ տողերը ու հանձնեցի նրան ...
Բոլոր երազներն էլ հյուսված են նուրբ կամ կոպիտ անտեսանելի թելերից ...կամ արագ կտրվում են, կամ էլ` հյուսողին խճճում սարդոստայնի պես ...
Լուսաբացին կսպասեմ արևածագին, բայց ոչ` իմ նամակի պատասխանին ...


ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ ...


Լռության ձայնը ականջիդ մի օր
Կպատմի այն խենթ երազի մասին,
Որ փայփայել եմ քեզանից հեռու,
Ապրել փշրանքը իմ փայփայածի...
..................................
Ու թե քո կյանքում պատահմամբ հանկարծ
Թել-թել կարոտներ նվեր ստանաս,
Իմացիր, Հոգիս, որ այն է հաստատ,
Ինչը կարծել ես վաղուց անհաստատ...


среда, 28 декабря 2011 г.

ՔԱՐԵ տառապանք


Իմ տառապանքից ես կկառուցեմ
Քարե կերտվածքով մի անհայտ քաղաք ,
Դիոգենեսյան անթիվ տակառներ
Գուցե հանդիպեն անցորդին հաճախ ...

Իմ տառապանքի անհայտ քաղաքում
Կշրջեն բազում անծանոթ մարդիկ ,
Նրանց տուն պետք չէ, ամեն տակառում
Կգտնեն նաև շուն հավատարիմ ...

Իմ տառապանքի քարե դասերով
Կզինեմ մարդկանց կամքը նվաղուն ,
Իսկ հոգին կօծեմ լապտերի լույսով ,
Որ դարձի ճամփան գտնեն անկորուստ ...


ՀՈԳՈՒՍ հոգսերը ...


Հոգուս հոգսերը շատ են հնացել ,
Հոգուս թռիչքը սահմանն է հատել ,
Երկիրը կարծես չի տանում նրան ,
Լոկ Տիեզերքն է հուսո հանգրվան...

Հոգուս մտքերը խառն են ու ցրիվ ,
Հաճախ են < ոռնում > լույսի կորստից ,
Հաճախ են բանտում խավարի որդուն ,
Շղթաներ փշրում հոգուս ընդերքում ...

Հոգուս աչքերը չեն փակվում վաղուց ,
Քանի որ ՄԱՐԴՆ է հեռացել մարդուց ,
Հայացքը նրա հեռուն է ասես ,
Կամ էլ` ԱՐԱՐՉԻ հրաշքին անտես ...

Հոգուս շուրթերը փակ էլ կմնան ,
Նրա հոգսերը դեռ կնորանան ,
Որ մի օր պայթեն հույսի երկնքում ,
Դառնան փրկօղակ հոգու օվկիանում ...


понедельник, 26 декабря 2011 г.

Սերը` ԳԱՂՏՆԻՔ


Սիրո գաղտնիքն էլ իր գաղտնիքն ունի .
Դա թաքնված է մեծ Տիեզերքում ...
Մրմունջը հոգու, տարփանքը սրտի ,
Հրձիգը լույսի այստեղ են մարում ...

Մարում են, սակայն Երկրի շապիկին ,
Անապատային տենդոտ մշուշում
Մի վայրի ծաղիկ ասելիք ունի `
Շուրթերը նրա սիրուց են բացվում ...

Բացվում են գուցե` աղոթք հնչեցնեն ,
Կամ էլ` ամփոփվեն սրտի հատակում ,
Ինչպես օվկիանում հավատարմորեն
Մարգարիտն է իր պատյանում լռում ...

Լռում է այնքան, մինչ` օրից մի օր
Ինչ-որ սիրատենչ ձեռքի է հպվում
Ու կապանքներից իր ազատվելով
Աշխարհին ուղղված բացիկ է դառնում ...


Հետո բացիկն այդ աստղերն են վերցնում ,
Որ կարդան լուսնի պաղ հայացքի տակ
Ու փորձեն բանալ մեծ Տիեզերքում
Սիրո գաղտնիքը խորն ու անհատակ ...


суббота, 24 декабря 2011 г.

Գրիչը` ՎԸՐՁԻՆ


Թե վըրձին դառնա գրիչըս մի օր ,
Ես այն կցողեմ հոգուս գույներով ,
Ճերմակ թղթերը կտավ կդարձնեմ ,
Մտքիս կանթեղով եզրեր կգծեմ ...

Թույլ կտամ վըրձնին գործի անվարան
Ու կյանք հաղորդի ճերմակին անհայտ ,
Ինչեր կծնվեն հպումից նրա `
Ոչ ոք չգիտե ... թող գաղտնիք մնա ...

/ Թող գաղտնիք մնա այնքան ժամանակ ,
Քանի դեռ խորթ են սառույց ու կրակ ,
Քանի դեռ լույսը < մութ > ունի իր մեջ ,
Մութն էլ կրում է դեռ < լուսե > աչքեր .../

...Երազն անվերջ է, պատրանքը` գերող ,
Թող գերվի լույսն էլ վըրձնի հարվածով ,
Խտանա անգամ խավարի սրտում
Ու դառնա կանթեղ մարդկային հոգում ...


пятница, 23 декабря 2011 г.

ՍՐՏԻ ՓԱԿԱՆԸ


Եթե գիրք դառնա սիրտըս երբևէ `
Այն քո ձեռքերին միայն կհանձնեմ ,
Փականը նրա լոկ դու կտեսնես ,
Քանզի բանալին վաղուց ես գտել ...

Խնամքով թերթիր էջերը նրա `
Այնտեղ թաքցրած անտիպ տողեր կան ,
Ձեռքիդ հպումից գուցե խենթանա
Ամեն թերթիկն ու երկինք բարձրանա ..

Ձուլվի աստղերի համըր զրույցին ,
Այրվի, բոցկլտա ընդդեմ խավարի ,
Բորբոքի մարած կրակն < աչքերի >
Ու վերադարձին իր հետ լույս բերի ...

Իսկ եթե հանկարծ դու կարդալ չուզես `
Սոսնձիր որոշ չգրված էջեր ,
Այնտեղից մի օր կծնվեն լույսեր ,
Քանզի քո ձեռքն է փականին դիպել ...


вторник, 20 декабря 2011 г.

ՀԱՐԲԱԾ ՆԱՄԱԿ ...


Դու հեռացել ես ու ինձ թողել
փշրանքներ լույսի ,
Մայթերին թափված աստղերն ես
անգամ սրբել ու տարել ,
Հոգուս գույները քերվել են, չկան ,
իսկ նրանց փոշին
Լուռ խառնվել է թափված արցունքիս
ամեն կաթիլին ...

Հեռվում շառագունում է ամպրոպը հույսի
Ու ես ծրարում եմ մտքիս պահեստը`
հանձնելով թղթին ...

Թուղթը հոգնել է , հանգիստ է տենչում ,
Չի ուզում սրտիս անկումը տեսնել ,
Որ տողից տող է վայրէջքն իր փնտրում ,
Կամ էլ` առանց հանգ ձգտում է ճախրել ...

Դու հեռացել ես ու ինձ թողել
կածաններ լույսի ,
Բայց երբ մոտենում եմ դարպասին նրա
Հեռվից ամպրոպն է ճայթում իմ գլխին ,
Ու ծրարվում է հույսըս ակամա ...

Երբ վերադառնաս ...
Կգտնես գուցե անհասցե նամակ ,
Որը հարբել է ճերմակ էջերով ...
Թաքցրու այնտեղ հույսըս << խորտակված >> ,
Իսկ դու էլ ապրիր իմ << փրկած >> լույսով ...