воскресенье, 24 октября 2021 г.

Ափիս մեջ...

 


Աշու'ն, ափիդ մեջ չեմ տեղավորվում,

Ինձ քո վառվռուն գույներն են գրկում,

Անձրևն իր խաղով մի համբույր պոկում,

Քամուն թևանցուկ` փախչում է, կորչում...


Աշուն, ափիս մեջ քեզ տեղ եմ բացում,

Այնտեղ երազիս հետքերն են մարում,

Գույներդ գուցե հենց իրենց գրկում

Վրձնեն թևանցուկ այն կորչող քամուն...

вторник, 21 сентября 2021 г.

Ու թե...

 

Ու թե ժանյակներ, ոչ` արցունքներից,

Ու թե սրտխփոց` հանդիպման դողից...


Իսկ վազքի նետված քայլեր թե լինեն,

Ապա հասնելով` ժպիտներ փրկեն,

Ու թե ինչ-որ տեղ քարեր էլ նետվեն,

Թող որ դրանով տան հիմքեր դրվեն...


Աշունն արցունքի կապույտ ժանյակից

Ինձ էլ նվիրեց, կախեց իմ վզից...

 

Չկարծես...

 

Չկարծես` մթնել եմ արդեն,

Աստղերը թափվել են ներքև.

Իմ հոգում արև կա անշեջ,

Որը դեռ ուզում է ջերմել․․․


Չկարծես` ամպել եմ մեկեն,

Նոթերս կիտել ու փակվել.

Իմ ներսում հաշտ են լույս ու ստվեր,

Իմ մի՜տքն է դադարներ ուզել...


Չկարծես` երազներ չունեմ,

Եվ լուսնին չեմ ուզում գերել.

Իմ սիրտը որքան էլ խոցեն,

Այն միայն կարող է սիրե՜լ...

Մոռացկոտ աշունը


Մատներս` անհաստատ եղեգ.

Ճկվում են, դողում անգամ քամուց հեգ,

Ափերս` լույս հունցող ստվեր,

Այրվել են սառցի շնչից անտարբեր...


Ոտքերս` մագնիսն է ձգել.

Ուզում են քայլել, բայց գնում են ետ,

Թռիչքս` երկնքում բեկվել,

Դաշինք է կնքել հորիզոնի հետ...


Մտքերս` ինձանից էլ խենթ,

Անհնազանդ են, մտրակում են խեթ,

Աշունը` իրեն մոռացել,

Քարոզ է կարդում իմ գլխին անվերջ...

 

Լաբիրինթոսում

 


Աշնան տիրույթում ես ինձ կորցնում,

Ամռան հեքիաթի թելն եմ որոնում,

Որը կտրվեց ոչ իմ ձեռքերում,

Բայց հանգույց մնաց սրտիս խորքերում...


Աշնան հեքիաթի թելերը մանում,

Ու ինձ ուղեկցող կծիկ եմ հյուսում,

Որ թախիծների լաբիրինթոսում

Ես չխճճվեմ, գտնեմ ելքի դուռ...


Աշնան քամին է ինձ մխիթարում,

Ականջիս սիրո խոսքեր շշնջում,

Սուտ խստումները նորից են գերում

Ու երազների "զնդանը" նետում...


Չէ, տարիները ինձ չե՜ն խրատում...

пятница, 3 сентября 2021 г.

"Անրջող" կտավ


Ամռան երազը առկայծեց, անցավ,

Աշնան պատրանքը նոր վրձին գտավ։

Գույները արդեն վերում կուտակված`

Հուշում են` գալիք կտավն է պատրաստ...


Թիթեռի պես է կյանքն այս հորինված.

Ապրում ես քիչ, բայց անրջում ես շատ,

Երազին հաճախ խաբկանքն է ձուլված.

Ու չես որոտում, անձրևում ես բաց...


Բաց են կոպերը պատրանքի աշնան.

Կուզեմ` այս անգամ չլինի այն թաց։

Գույների խաղի մեկնարկն է տրված.

Հոգիս կդառնա "անրջող" կտավ...

вторник, 24 августа 2021 г.

Հեքիաթում... /առանց քեզ/


Առանց քեզ հեքիաթըս սուտ է,

Հեքիաթիս ոսկին կեղծ ու անգույն է։

Առանց քեզ պալատն իմ նեղ է,

Այնտեղի պատը ճաքելու պես է...


Առանց քեզ կյանքը հանգույց է,

Իսկ այն բացելը մի մեծ բարդույթ է։

Առանց քեզ կոչումըս զուր է,

Իսկ նվաճումըս անհեթեթ լուր է...


Առանց քեզ ժպիտըս թաց է,

Երգերիս տոնը կարծես թե լաց է։

Առանց քեզ թևերըս բաց են,

Իսկ թռիչքներս վայրէջքի դաս են...


Առանց քեզ քայլերըս շեղ են,

Ոտքերս անուժ, թափառող հետք են։

Առանց քեզ...թող որ ինձ կորցնեմ,

Միայն հեքիաթում քո շու՜նչը գտնեմ...

 

 

Երբ ...


Երբ մարի հեռվում երեկոն հոգնած,

Թափ կտամ օրվա պատկերը խեղված,

Կգամ ափերը վաղուց երազած,

Գուցե ինձ սփոփի լուսինը նիրհած...


Գուցե աստղային ճամփին մոլորված

Իմ երազները հետ բերի հատ-հատ,

Եվ պատմի` ինչպես մնալ անարատ,

Երբ հանուն շահի մարդիկ են ծնկած...


Երբ խառնվել են սառույց ու կրակ,

Արդեն չգիտես, թե որն է շիտակ,

Ո՞ր մեղեդին է, որ ականջիդ տակ

Անկեղծ է հնչում, չունի օտար խաղ...


Երբ լուսնին լսեմ, տագնապը օրվա

Գուցե ինձ լքի, ցավըս մեղմանա...

Գուցե աստղերը վերևում փնջված

Գտնեն այն ափը, ուր հաշտություն կա...

четверг, 19 августа 2021 г.

Մի նոր ծովածոց


Այս թացությունը չի անցնում բնավ,

Այն ամենուր է` երկնքին կպած,

Հողի շերտերում, իմ կոպերի տակ.

Այս թացությունը "տեր" է հռչակված...


Կաթում է անվերջ, դարձնում չեչաքար

Սրտի պատերը` առողջ ու անկար...

Մղձավանջն անգամ չի ձգվում այսչափ.

Որքան երկարեց արցունքի ճամփան...


Ու չի հավաքվում նեկտարը օրվա,

Ժպիտ են քամում, ժպտացող չկա...

Այս թացությունն իր ուզածին հասավ`

Ծավալվեց, մի նոր ծովածոց դարձավ...

Քեզանից թաքուն


Կարոտիս տեսքը դու ես հորինում,

Իսկ ես լռությամբ այն իմն եմ դարձնում,

Իմն եմ դարձնում ու քեզ եմ հանձնում,

Բայց դու տվածդ չե՜ս էլ ճանաչում...


Դու չե՜ս ճանաչում, քոնը չես դարձնում

Եվ հանդիպելիս` օտար ես մնում...

Այսպես խորթացած` մենք կյանք ենք մաշում,

Իսկ լռությունը մեզ չի՜ կամրջում...


Կարոտիդ տեսքը ե'ս չեմ հորինում,

Ու չկամ անգամ նրա լուսանցքում,

Բայց թե հանդիպի այն իմ երազում`

Ի՜մը կդարձնեմ...քեզանից թաքուն...

Ոչ ինձ պես


Այսօր աստղերը թափվել են ներքև,

Այսօր կուզեի բարձրանալ վերև,

Կուզեի ապրել ոչ ինձ պես, թեթև,

Անուրջը մի պահ թող ընկեր լիներ...


Թող որ ականջիս շշնջար բառեր,

/Թեկուզ ոչ այնքան ճշմարիտ, բայց՝ ջերմ/

Որոնք խենթերին տալիս են թևեր,

Ստիպում ճախրել հորիզոնից վեր...


Թող որ հետո էլ ինձ փորձեր լսել,

Իմ պատմածներին հավատար, հերքեր,

Ինձ հետ մարտնչեր, իսկ հետո՝ հաշտվեր,

Բայց երազներում մենակ չթողներ...


Այսօր աստղերը իմ տուն են լցվել,

Իսկ ես ուզում եմ բարձրանալ վերև,

Գեթ մեկ օր ապրել ոչ ինձ պես, թեթև`

Անուրջին հանձնած երազանքն իմ խենթ...

Մի' մնա անուրջ

 

Երբ մոլորվում եմ, քեզ մոտ եմ "փախչում",

Քո հայացքի տակ ու խենթ տողերում

Ես թաքնվում եմ, բայց չեմ ընդհատվում.

Աչքերիդ լույսը ինձ շատ է օգնում...


Երբ դատարկվում եմ, լոկ քեզ եմ փնտրում,

Մի պահ գտնում եմ, նորից կորցնում։

Մայթերը վաղուց քեզնով են շնչում,

Իսկ լապտերները՝ քե՜զ են հորինում...


Երբ մարտնչում եմ, քեզ մոտ եմ պարտվում,

Բոլոր զենքերս անզոր են դառում։

Մարտը իսկական այսպես է լինում.

Խաղաղությու՜նն է ելքը որոշում...


Որքան էլ` անգո, քեզ եմ որոնում.

Իջի'ր երկնքից, մի՜ մնա անուրջ,

Որ երբ խարխափեմ, դառնաս աչքի լույս,

Իսկ երբ մոլորվեմ` ելքի մի կամուրջ...