воскресенье, 30 августа 2020 г.

Ապակուց այն կողմ

 

Անձրևը...չի փոխվում։ Ապակուց դուրս իրականությունը լեցուն է նրա մանրամաղի դյութիչ մեղեդով։ Իսկ ներսը... ներսը ճնշում է' որքան կարող է։ Ապակուց այս կողմ եղած իրողությունն ազատագրվել է ուզում իր ներքին կապանքներից...ուզում է փախչել անձրևի գիրկը. այնտեղ կա ազատություն, թարմություն, այնտեղ լվացվում է օրը փոշուց, մաքրվում' ճնշող մեղքերից։

Անձրևի բույրը...նման չէ ոչ մի օծանելիքի։ Պատուհանից ներս թափանցելով' շոյում է դեմքդ, թափանցում մաշկիդ մեջ, ու դու զգում ես տաղտուկից ազատագրումը բոլոր նյարդաթելերով...

Անձրևը...սպասված է ու անփոփոխ' իր բերած թարմությամբ ու մաքրության բույրով...

Եվ ինձ ոչինչ չի մնում անել, քան հանձնվել նրա մանրամաղին ու ննջել իր թաց գրկում...

 

 

вторник, 4 августа 2020 г.

ԲՆԱԶԴՈՐԵՆ


Ոտքերս զուրկ են բանականությունից, բայց ինչու՞ են հաճախ ձգտում քայլել քո շավիղներով...
Ու ես կանգնում եմ մտքիդ անդունդի եզրին... Եվ ինձ թվում է, եթե անգամ գլորվեմ այնտեղից, չեմ կործանվի...Չէ, դու դրա հետ կապ չունես...Վայրէջքի պահին հաստատ կանէանամ ու մի անօդ տարածքում պարզապես կլողամ` չգտնելով միտքդ սնող թթվածինը...
Քո հետքերով քայլելը հեշտ չէ...Այն լապտերը, որ կլուսավորեր իմ ճամփան, թաքցրել ես աչքիցս հեռու, դու էլ չգիտես, թե ինչու...
Այսպես չիմանալով` մենք հաճախ ենք զրկում միմյանց լույսից, օդից, թթվածնից...Մինչ` կյանքն անչափ կարճ է զրկումների թիվը հաշվելու և նորի փնտրտուքներում հերոսանալու համար...
Ի՞նչ անեմ...էլ չքայլե՞մ ինձ հարազատ դարձած քո շավիղներով (միայն նրա համար, որ ոտքերս զուրկ են բանականությունից)...
Իսկ գուցե երբեմն պե'տք է, որ բնազդները հաղթեն...այդպես չենք պարտվի ինքներս` մեզ...


воскресенье, 19 июля 2020 г.

ՔԵԶԱՆԻՑ ԲԱԺԱՆ


Քեզանից թաքուն, քեզանից անջատ`
Ես աղոթել եմ քո սիրո համար.
Քեզանով արբած` մի կռնատ երազ
Որոշեց ապրել հանուն քեզ միայն...

Գիտես, թե ինչեր հորինեց անհագ,
Ինչ հանելուկներ լուծեց, բայց անհայտ
Մնաց քո հոգուն, իսկ դու չիմացար`
Այս հողաշխարհում ապրու՞մ եմ, դեռ կա՞մ ...

Քեզանից թաքուն, քեզանից բաժան`
Ներում հայցեցի իմ սիրո համար.
Կռնատ երազը մի պահ խենթացավ,
Գնաց ու գտավ մեկ այլ հանգրվան...

Ես չաղոթեցի...էլ իմաստ չկար...

пятница, 17 июля 2020 г.

ԻՔՍ կամ մի ԻԳՐԵԿ


Գուցե աշխարհին անծանոթ ես դու,
Ոչ ոքի այգը քեզնով չի բացվում,
Բայց իրիկունն է երբ վարագուրվում,
Քո խենթ հայացքի փշրանքն է մաղում...

Գուցե անհայտ ես, մի իքս կամ իգրեկ,
Ու չես գումարվում ժամերին դու կենտ,
Չես բազմապատկվում, լոկ բաժանո՜ւմ ես
Վազող օրերի տագնապներն անհետ...

Գուցե կա'նգ առնես ու դառնաս մի ես,
Շատ սովորական, անգամ` մարմնեղեն,
Մի փոքր անփույթ, անուղղելի խենթ,
Որ օրվա սրտի զարկերը հաշվես...

Գուցե աշխարհին անծանոթ ես դու,
Ոչ ոքի օրը քեզնով չի փակվում,
Բայց երբ գիշերն է լուռ վարագուրվում
Մի անթարթ հայացք զո՜ւր ես կորցնում...


четверг, 9 июля 2020 г.

ԼՈՒՍՆԱՅԻՆ ՃԱՄՓԱ


Այս ճանապարհը ինձ ուր՞ կտանի.
Մինչև այդ գուցե թևերս առնի...

Այս ճանապարհը երա՞զ կմաղի,
Թե՞ իմ եղածն էլ կառնի-կմաշի...

Այս ճանապարհը հոգի էլ չունի`
Սրտաչափ "խաբկանք" ոտքերիս նետի...

Այս ճանապարհը ինձ շատ կտանջի.
Գուցեև այդպե'ս թևերս հառնի...
               

ԼՈՒՍՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴ


Երբ ինձ լքեց քեզնով ապրող վերջին երազը, ես դարձա լուսնային հիվանդ...
Հիշու՞մ ես աստղային այն թիկնոցը, որի ամենատես հայացքի ներքո մենք լռում էինք...չէինք ուզում նյութականացնել անտեսանելին' հոգու հառաչը, աչքերի գույնը, երազի ճամփան (մինչ, աստղերը այնքա՜ն մոտ էին, այնքան' նյութական)..
Հիմա նույն թիկնոցն է տարիների հյուսվածքներով ձգվում մեր միջև' մեզ նետելով մայրցամաքների հեռավորության զսպված ճիչն ու կարոտի օվկիանոսի անապատացումը... Այսքան լռություն ո՞վ էր հորինել ինձ համար, ո՜ր անխոհեմ հեքիաթասացը...
Հեքիաթում երբեմն լուսինն ուղեկցում է մոլորված ու միայնակ հերոսին...Իմ բեռը ծանր է' աչքերիդ գույնը...
Այնքան փնտրեցի այն (նայելով լուսնին), որ դարձա "լուսնային հիվանդ"...


ՍՊԱՍՈՒՄ


Սպասում եմ, ամեն օր եմ սպասում... Առավոտյան, երբ բացում եմ կոպերս, կարոտի կապույտ աչքերը չռված նայում են տան ամեն անկյունից ու երկրաչափական մի պատկեր չկա, որ նկարեմ ու փակվեմ դրա մեջ...Չկա ...
Իսկ ինչու՞ չկա...Երկրաչափությունը ինչ-որ բան ապացուցելու համար է, ջնջելու և ինչ-որ բան գրելու համար ...
Կարոտը չի ապացուցվում... Այն մեր մեջ է ապրում, երակների միջով տարածվում դեպի հյուսվածքներ ու հարմար տեղավորվում մաշկի տակ...Ուստի, երբ առավոտը բացում է իր կապույտ կոպերը, լույսի հետ արդեն իսկ շփումից արթնանում է նաև կարոտ կոչվածը, որը գուցե ծնվել է մեզանից առաջ, չի համակերպվում երկրաչափության հետ, բայց ճնշում է մաթեմատիկորեն (ճշգրտությամբ). ամեն առավոտ, օրվա ընթացքում, գիշերային մղձավանջի մեջ...
Իսկ ես սպասում եմ, սպասում, որ մի օր ինչ-որ բան փոխվի, որ օրենքներով կարոտն էլ ապրի ու տեղավորվի գոնե... բանաձևի մեջ...


ԱՄՌԱՆ ԱՆՁՐԵՎԸ


Ամռան անձրևը սառույցն է հատել.
Մինչ' ամպրոպները ճեղքում են հուշեր...

Կաթիլն անձրևի հասնի էլ քիմքին,
Մեկ է, չի ջրի ճաքը շուրթերի,
Մեկ է, կարոտը էլի կաղմկի.
Թող որ անձրևը իր երգը ասի...

Ամռան ամպերը' հուշերով արբել,
Աշնան թախիծի պատրանքն են հագել...


ՆՈՐԻՑ


Նորից աստղերը լուռ թափվեցին ցած.
կիսատ խոհերում թռիչքներն են շատ ...

Նորից կարոտը անհամբեր դարձավ.
ինչ-որ երազանք քնից արթնացավ...

Աստղերը, սակայն հանգիստ չգտան.
այս հողաշխարհը սառն էր, անկրակ...

Նորից ուզեցին սավառնել դեպ վեր,
բայց անզոր էին. չունեին թեւեր...


пятница, 8 мая 2020 г.

Աստղային զրույց. մի նկարի պատմություն


Այն պահից, երբ դու բաց թողեցիր իմ ձեռքը, ես կտրվեցի աստղային պատվանդանից ու ընկա փոշոտ իրականություն... Հետո սկսեցի դժվարությամբ շնչել. ինձ պակասում էր այն թթվածինը, որով սնվում էր երազներիս զարկերակը...
Այն պահից, երբ քո հզոր բազուկները չկարողացան տանել փետուրից թեթև իմ անուրջները, վերջիններս դարձան անկշիռ...անգամ իմ աչքին...Ու ես տխրեցի...անսահմանորեն տխրեցի հենց քեզ համար, որովհետև դու կորցրել էիր այլոց երազներում ապրելու վերերկրային պարգևը...Իսկ ես չէի կարող ոչինչ փոխել...
Այն պահից, երբ ես դարձա սեփական տողերում
դեգերող մի փախստական, անզորության վայրի ճիչը խրվեց կոկորդիս մեջ ու ստիպեց համրանալ...Այսպես համրացած' ես ապրում եմ իմ մերկ ցավի հետ, որը չես տեսնում դու, չի տեսնում ոչ ոք... Այն ծնվեց, երբ դու բաց թողեցիր իմ թուլացած ձեռքերը...Հենց այդ պահից աստղափոշի դարձան քեզ պատկանող իմ երազները...


ՏԱԳՆԱՊՆԵՐ


Տագնապների քամին... երբեմն այնքան է ահագնանում, որ ավերածություններ են մնում նրա անգամ մշուշոտ ոտնահետքերից...
Այն այցելում է ինձ գրեթե ամեն օր. գրեթե ամեն օր ես ստիպված եմ լինում ինչ-որ բան նորից կառուցել (ավերված հոգում), որովհետև ով չգիտե, թե քամու ոտնահետքից ինչեր են մնում...
Ու սպասում եմ...(արդեն ամեն օր) սպասում եմ այն գնացքի շչակին, որը կազդարարի տագնապների քամու մեկնումը...