суббота, 9 марта 2019 г.


Երբ անցնի ձմռան երեկոն նիրհած,
Կգա գիշերը՝ զույգ աչքերը բաց,
Կբերի իր հետ շշուկներ հանգած
Եվ ուղեծրից դուրս պրծած երազ...
Երբ իր տիրույթում գիշերը կամաց
Բացի հուշերի դռները փակված,
Գուցե երազը էլ չդիմանա,
Կարծրացած հոգին նուրբ մետաքս դառնա:
Գուցե օդին էլ խառնվի քնքշանք,
Եվ անսուտ թվա աստղերի ճամփան,
Տաղ ու մեղեդի, գույն ու անրջանք
Չատեն մեկ-մեկու և իրար գթան...
Երբ հանգչի ձմռան երեկոն մթնած,
Գիշերը կգա՝ մետաքսը հագած.
Հուշերի գրկից վերադարձ չկա,
Երազի ճամփան թո'ղ երազ մնա...



ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


Քայլի'ր ինձ հետ....թեկուզ՝ առանց ինձ...
Գիտե՞ս, երբ քայլում եմ քեզ հետ (քեզ ունենալով իմ մտքում), ինձ չեն ճնշում այլ խոհեր, չեմ նկատում, որ ամպեր են կախվել երկնքի տկար աչքերից ու ստվերում են քեզ ունենալու ուրախությունը, որ շուրջ բոլորը մարդիկ շարունակ ինչ-որ բան են կիսում, կիսում ու կիսվում, հաղթում ու պարտվում...
Քո հայա՜ցքը...ահա' իմ միակ պարտությունը...Աչքերդ ինձ հրամայում են չվիճել ձմռան անգույն իրականության հետ...Հնազանդվում եմ կուրորեն, որովհետև չեմ տեսել անգամ աչքերիդ գու՜յնը ու ինձ համար արդեն միևնույնն են մնացած բոլոր գույներն իրենց՝ ոչինչ չասող խորհուրդներով...
Քայլի՜ր ինձ հետ...Օրը լեցուն է իրարամերժ խոստումներով...Մե'րթ անձրևն է մոռացության պղտոր ջրափոսերում լվացացնում առավոտվա հույսի աղոթքը, մե'րթ սառույցն է հիշողության տախտակից ջնջում երեկվա հորինած երդման տեքստը...
Դու հավատարի՜մ ես ինձ քո անպատասխան հայացքով...Հենց այդպես էլ գամվել ես կոպերիս ու քայլում ես ինձ հետ...Բայց ես երջանիկ եմ քո "բացակայությունից", ջերմանում եմ քո սառնությունից ու չեմ հիշում անգամ, որ դրսում արդեն ձմեռ է, և ուշանում է առաջին ձյունը...չափի'ց շատ է ուշանում...
Իսկ ես միշտ շտապում եմ...շտապում եմ քայլե՜լ քեզ հետ...Եվ կքայլեմ այնքան, մինչ դու ինքնակամ կլքես իմ մտքերը...Ու ես կդադարեմ "մենախոսել" քեզ հետ...


Տեսա երազդ...տեսա "կետ առ կետ".
Արթուն էի ես...
Խնդրում եմ ներես...չեմ կարող թռչել.
Ես ...չունե՜մ թևեր...
Քո երազներում միշտ էլ անտուն եմ.
Ոչ տանիք ունեմ, ոչ՝ հենվելու կետ...
Քո երազները որքան էլ գերեն՝
Մի գեղեցիկ օր ինձ լու՜ռ կլքեն...
Քո երազներում ես թևեր չունեմ,
Միտքս կաղում է, ոնց որ կույր լինեմ...
Այսպես կիսատ ես չե՜մ կարող ապրել,
Իսկ դու ուրիշի բեռն ինչու՞ կրես...
Տեսար երազս...հեռացար անտես.
Էլ պե՜տք չէր այն քեզ...
Խնդրում եմ, անհոգ այսուհետ ապրես՝
Ես երա՜զ չունեմ...


Գարունը ծաղկի բույր է խտացած,
Սիրո, կարոտի դող է դեռ չասված,
Հողի թացություն, շուրթերի տաք խաղ,
Մերթ' հոգու ամպրոպ, մերթ' եզերք խաղաղ...
Գարնան հույզերն են ալիքվում կամաց,
Համբույր է պոկում քամին խենթացած,
Խոտի բուրմունքից օդն է արբեցած,
Արեգակն արդեն շռայլ է ու բաց...


Չգիտեմ անգամ՝ ինչպես դիմացա,
Ինչպե՜ս առանց քեզ ես չխենթացա,
Տարբեր դիմակներ ակամա հագա,
Որ հոգուս վերքը աննկատ մնա...
Ու գլորվեցին օրերն անխնա,
Սակայն դրանից ես չթուլացա,
Գուցե և ուժը հենց դա է, որ կա'
Ապրել, երբ ներկադ շա՜տ է բացակա...
Բացակա չեղար՝ որքան կամեցա.
Որքա՜ն ջանացի տաքն այն մոռանալ,
Որ քո ձեռքերով ծաղիկներ փնջած՝
Նվիրեցիր ինձ, հետո...հուշ դարձար...
Այն ծաղիկները վաղուց էլ չկան,
Պատել է նրանց մի կապույտ եղյամ,
Բայց, միևնույն է, անցյալից հաճախ
Ունկիս հասնում է մի խուլ ոտնաձայն...
Չգիտեմ՝ որքա՜ն դեռ կդիմանամ,
Եվ որքան պիտի ես խուլ ձևանամ,
Որ դիմակները չմատնեն հանկարծ,
Թե դու դարձել ես հավերժ բացակա...


    Տու՜ր ձեռքդ...Ես վախենում եմ մենակությունից...
Աշունըհավաքած խոստումների "անսուտօրագիրըհեռացավ...
Մոտեցող ձմռան սառը հայացքից տերևները գունատվել են ու միմի հարցական դարձել...Նրանք կարծես կախվել են մերկացած ծառերի պարանոցից՝ վերջի՜ն հույսի նման...
   Վաղ թե ուշ մի ամաչկոտ քամի կգրկի տերևների դալուկ 
մարմիններն ու կտանի՝ ձուլելու մոռացության անզուսպ փոթորիկներին...Կմոռացվի նաև այսօրվա աշունը...մեկի 
համար՝ սովորական ու ձանձրալիմյուսի համար՝ անկրկնելի ու ցանկալի...
   Տերևներն էլ են վախենում...կծկվել են պուրակում ու 
չգիտենթե ով կտրորի իրենց...իրենց մարմինըերբեմնի 
առատ գույներից ծնված՝ այսօրվա մե՜րկ երազները...
Կտրորե՜ն՝ առանց նկատելու հոգու ցավը...Մինչդեռայդ 
խորտակվող երազները վաղը դառնալու են պարարտ հողորտեղ հաջորդ տարի կաճեն հենց իրենց տրորողի 
անփույթ երազանքները...
  Ես վախենու՜մ եմ այլոց երազները տրորող "անհոգի
ոտքերից...Տու'ր ձեռքդ...


Այս համատարած հոգու աճուրդից սարսափում եմ ես.
Հալվում, կծկվում եմ իմ պատյանի մեջ...
Ու տարածվում է մի անտանելի անապատացում.
Իմ նմաններից փախչել եմ ուզում...
Դեմքեր...դիմակներ...
Լքել է մարդուն իր էությունը...
Կյանքի գույները քերել են կարծես...
Իշխում է միայն "նորին մեծություն" դատարկությունը...
Աշու'ն, բերեցիր ինձ խոր տագնապներ,
Մենախոսություն, "կռնատ" երազներ,
Եվ այս ամենը ընծա՞ էր, թե բեռ,
Պարգև կամ պատիժ, չհասկացա ես...

Կարծես քո երթը այլ խորհուրդ ուներ,
Այն թերևս ինձ շատ էր կախարդել,
Գույներիդ խաղով շատ էի արբել,
Խոստումներդ իմ տանիքը դարձրել...

Գնու՞մ ես արդեն... հետ չեմ պահի քեզ.
Ուր կա հանդիպում, բաժանումն է տեր...
Միայն խնդրում եմ, երբ որ կմեկնես,
Թևերս տուր ետ, դրանք պետք չեն քեզ...



Փնտրում եմ քեզ ամենուր...Աշնան ծառուղին հեքիաթ է մանում...տարօրինակ հեքիաթ. բոլորն իրենց տեղում են, բոլորն իրենց դերերն են խաղում, օրվա շուրթերից իրենց բաժին երջանկությունը քաղում...Իսկ դու չկա՜ս...Շատ բան չեմ ուզում (իրավունք չունեմ)... 
Իմ բաժին երջանկությունը չափվում է սրտի զարկերով, հայացքի տապով... Ես ու՞ր կորչեմ, ու՜ր փախչեմ աչքերիդ պատժից. դրանք ինձ հետ են ամեն տեղ, պատժում են ինձ՝ քեզ չունենալու՜ համար...
Աշնան ծառուղում քո աչքերով եմ զննում ամենքին... կան բաց վերքեր ու թաց ժպիտներ...ու դեմքե՜ր, դեմքերբոլորը՝ օտար, հոգուս անհաղորդ ու բնույթիս՝ խորթ...
Գունագեղ տերևները, պոկվելով ծառից, պարում են տենդոտ և կուշաթափվեն վաղ թե ուշ...Իսկ ամպոտ օրը կախվել է երկնքից ու չի շտապում ուշքի բերել նրանց...
Աշնան ճեմուղին դատարկվում է կամաց-կամաց...Ամեն մեկն իր բաժին երջանկությունը գրկած՝ ջերմանում է իր պատերի ներսում...Իսկ ե՞ս...Իմ ունեցածը չափվում է սրտի զարկերով ու հայացքի տապով...Դրանք մի օր չե՜ն դիմանա իրականության սառը հողմերին...
Քո աչքերով այնպես դյուրին է հավատալ աշնան մաղած հեքիաթին...Կորոնե՜մ քեզ...