понедельник, 14 сентября 2015 г.


Կյանքը փրփուր է ժայռերին խփվող,
Ոչ ոքի պետք չէ ճերմակը նրա,
Խաբկանքի որո՞տ, թե՝պատրանքի դող,
Միայն փշրվող շիթը կիմանա...
Կյանքի փրփուրից շատերն են կառչած՝
Ոսկի է թվում ճերմակը նրա.
Ժայռերին խփվող ո՜վ մարդ արարած,
Գեթ զանազանիր գույներն իրական...



Անձրևի թացը շա՜տ է, խեղդվում է գիշերը,
Երազի աչքը բաց է, սառել են հուշերը...



Սրտի արվարձանում հանգերն են լուռ մարում-
Մի խենթ կարոտ փլվեց բերդի պարիսպներին..
Անձրևներն են միայն խեղդված սիրուց խոսում
Լռությունն էլ արդեն հասցեատեր չունի...


Երեկոյանում է...Արդեն չեմ հիշում, թե քանի տարի և քանի երեկո է, որ քեզանից լուր չունեմ...Դու ամռան նվերն էիր...Հիմա գարուն է...Երբևէ հիշե՞լ ես , թե ինչպես ներխուժեցիր իմ օրերի մեջ և ինչ գույնով վրձնեցիր իմ կարոտի աշխարհը ...Իսկ երբևէ կարդացե՞լ ես իմ այն տողերը, որ քոնն են եղել, բայց դու կուրորեն չե՜ս տեսել դրանք...
Հիմա դու չկաս...Օվկիանոսից այն կողմ մարդիկ և՛ խուլ են և՝ կույր...
Երեկոն լուսնի կիսաբաց շուրթերով ժպտում է ինձ...Արդեն չեմ էլ հիշում, թե ինչի՞ս է պետք այդ ժպիտը և ու՞մ են պետք իմ անհասցե նամակները...
Ինձ մոռացնել տուր և աչքերիդ գույնը...



Որտե՞ղ ես թաքցրել իմ անհասցե նամակները...դրանք անձրևի մեղեդիներից ծնվել, գիշերվա մթում կոփվել ու խենթ քամիների անսանձ պարի տակ քեզ են առաքվել...Գուցե առաքի՞չն է շփոթել հասցեն...Ա՜խ, մոռացել եմ նշել հասցեատիրոջ անունը ...Իսկ դու երևի չես էլ հիշել երբևէ, որ դրանք իմ անհասցե՜ նամակներ են...


Կոպերս կառամատույցում են...մի ձեռք կոտրված ճյուղի խորհուրդը ունի...Ինչո՞ւ չի գալիս այն գնացքը, որ իր հետ գիշեր է բերում...կոպերս կտանի իր հետ...Գուցե չվացուցակը կորցրե՞լ եմ...այն կոտրված ճյուղն էր մեղավոր...


Այս գիշեր չեմ քնի...կգրեմ նամակներ, կծրարեմ աստղերի փոշով ու քեզ կուղարկեմ լուսնի թևերով...Եթե չբացես ընծաս՝ ես չե՜մ նեղանա...այն ետ ուղարկիր՝ լուսնին պետք կգա...


Փնտրեցի երկար...ուզածըս՝ չկար,
Իսկ երբ գըտնվեց...էլ արդեն պետք չէր...
Ինձ արդեն պետք չէր...շա՜տ էր ուշացած...



Գարնանային ամպրոպ,
Ինձ չես թողնում քնել,
Ինչ որ հուշեր ամպոտ
Սնարիս ես շարել...
Ներիր, որ քո ընծան
Ես չեմ կարող վերցնել.
Դե, երազի ճամփան
Անկարող ես շեղել...
Քո այդ վարարումով
Գուցե վերքե՜ր բացես.
Մի քիչ զգույշ եղիր՝
Լավ է՝ այլ հուն գտնես...
Իմ ամպամած հուշեր,
Դուք էլ ինձ հետ ննջեք,
Գարնան խենթ ամպրոպներ
Այնքա՜ն դեռ կտեսնեք...



Անձրևածին հուշեր,
Դուք ինձ հանգիստ թողեք...
Բազմաբևեռ հանգեր,
Մի այլ տեղ անձրևեք...
Այսօր կուզեմ ննջել
Հոգնած մանկիկի պես
Կյանքի տարբեր խաղեր
Շա՜տ են ինձ հոգնեցրել...
Մանրամաղով անձև
Գուցեև ներշնչվե՜մ,
Բայց ոչ հիմա...արդեն
Այն մանկիկն է ննջել...
Հուշեր քամող անձրև,
Քո լացն էլ է փոխվել...
Իսկ գիշերը իմ պես
Չի էլ ուզում քնել...



Ձմռան խաբկանքը շատ է ուշացել-
Երազանքները կաղում են էլի,
Անուրջի ճամփան կարծես նեղացել
Ոչ մի անցորդի չի ուզում զիջի...
Արևի ջերմը արդեն ուժ չունի-
Հորիզոններն են տանում փակուղի,
Իմ, քո կոչումն էլ այն է երևի,
Որ ձմռան գրկում երազ չմրսի...
Որ սնվի անվերջ խաբկանքով անթել,
Կաղալով անգամ հրաշքներ գործի,
Ու երբ մի անցորդ փորձի մոլորվել-
Իր տաք ձմռան մեջ նրան տուն լինի...



Պատնեշել է ինձ լույսի թովչանքը,
Բեկվում է հեռվում կարոտի ձայնը...
Այն ո՞վ էր՝ կոտրեց իմ սիրո գավը,
Ինչու՞ չի երգում էլ հոգու լարը...
Կարծես նիրհով է ընկել աշխարհը,
Էլ չի փոթորկում հեռվում կիթառը,
Օտար է թվում այն միակ բառը,
Որը դարձել էր քո դեղն ու ճարը...
Պատնեշել է ինձ լույսի պակասը,
Ելքեր է փնտրում կարոտի վալսը...
Ով որ հոգնել է, թող լքի պարը-
Սիրո՜վ են հաղթում սկսած խաղը...



Ջերմության քաղց է, ժպիտի կորուստ,
Այսպես չեն ապրում, խեղդըվում են լոկ...
Արժեզրկվել են բառերը հարուստ,
Չի լցվում արդեն դատարկը հոգու...
Եվ ոչ մի ձըմեռ էլ մեղավոր չէ,
Այսքան աղքատիկ արևի համար...
Իսկ բառերն ի՞նչ են...խեղդվողի ճիչ են,
Որոնք չի լսում և ոչ մի ականջ...
Ձմեռն ի՞նչ անի, ի՜նչ դիմակ հագնի,
Որ մի տեղ գոնե մի ժպիտ փրկի...
Որքա՜ն արև կա խեղդվողի ճիչում,
Որը մեռնում է կյանքի աղմուկում....



Ձմեռն այս չունի ինձ ոչինչ տալու-
Թափառող մտքերը դարձել են բեռ.
Իսկ գիշերն ի՞նչ է...երազ մուրալու
Անհեթեթ մի քայլ, որ թռիչք չէ դեռ...
Ձմեռը չունի՜ ինձ ոչինչ տալու-
Գիշերվա երազն էլ ո՞ւր բանտարկեմ.
Միտքը իր ճամփի ուրվագիծն ունի
Գուցե դրանո՞վ թռիչքը փրկեմ...



Իմ արցունքների ցողոտ աշունից
Կախվել է մի տաք ձմռան ավետիք...



Պեղեցի աշնան արցունքները ջինջ-
Իմ ունեցածից պարզ էին, վճիտ...



Աշուն, արտասվիր և իմ փոխարեն-
Մի տեսակ անուժ, դատարկված եմ ես...


Պայթում է գլխիս տխրության քողը-
Մի՞թե սա էր լոկ աշնան ներբողը...




Աշունը երգ է գույների մասին,
Բայց ոչ ոք չունի նրա բանալին.
Լալիս է հեռվում գունատ ծառուղին,
Հնչյունն է նրա միակ սպեղանին...


воскресенье, 5 октября 2014 г.

ԴՈՒ՝ իմ մեջ ...


Այսօր դու դարձիր մի անսանձ  քամի,
Բեր լույսն աչքերիս հեռու ծերպերից,
Մնա իմ հոգում իբրև նախատինք,
Կամ եղիր պարգև՝ խենթ ու անմարմին...

Երեկ չկայիր - սով էր ամենուր,
Կարծես անգույն էր շուրջը ամեն ինչ,
Քո մի գոյությամբ  հանկարծ դարձա ԴՈՒ
Ու փոխվեց անգամ կյանքի մեղեդին...

Վաղը կլինե՞ս, դա լոկ դու գիտես,
Ես ԴՈՒ կլինե՞մայդ էլ չգիտեմ...
Մի բան թերևս հաստատ է կարծես՝
ԴՈՒ իմ մեջ շատ ես, քան թե ես՝ քո մեջ...