суббота, 5 октября 2013 г.

ԱՆՎԵՐՋՈՒԹՅՈՒՆ


Որքան ուզում է օրը երկարի՝
Անլույս է նրա վերջը լինելու,
Որքան ուզում է խավարը ձգվի՝
Նոր բացվող օրը հույս է բերելու ...

Որքան ուզում է անցյալը փայլի՝
Նրա քայլերը ետ են տանելու,
Որքան ուզում է կարոտը մաշվի՝
Ներկան հետո է նրան հիշելու...

Որքան ուզում է հույսը բարակի՝
Հավատն է նրան ամուր գրկելու,
Որան ուզում է շղթան այս ձգվի՝
Մտքի կծիկը չի վերջանալու...


суббота, 14 сентября 2013 г.

ԱՆՑՅԱԼԻ ԽԱՂԸ


Անցյալը մի օր ինձ այցի եկավ-
Այնպես մոտիկ էր տաք շունչը նրա ,
Ներկայից պոկվեց մի գունեղ շղթա ,
Կամրջեց մի պահ երեկն ու հիման ...

Անցյալը մի պահ ինձ անսուտ թվաց
/Միշտ էլ խաբել էր նա իր երազով/ ,
Երազ ու պատրանք այնքան մոտեցան ,
Որ տեսա ներկան իրական տեսքով ...

Անցյալին թվաց՝ հաղթել է իրավ ,
Թաքցրել դեմքը, հեռացել անձայն ,
Իսկ ներկան հուշեց՝ <<պետք չես ինձ բնավ ,
Քեզ համար ինձ մոտ վաղու՜ց տեղ չկա >> ...

Անցյալն այդպես էլ գեթ չհասկացավ ,
Որ շունչը իր տաք պատել էր սառցով ,
Միայն պատրանքն էր նրա մեծ ընծան՝
Մնաց ներկայից գոնե մեկ օրով ...


ԴՈՒ ԿԱՍ....


Դու կաս այնքանով, որքանով ես կամ ՝
Իմ հոգու խորքում և սրտիս վրա ,
Ուր ներխուժել ես այնպես աննկատ ,
Որ ելքի ճամփան չգիտես անգամ ...

Ես էլ չգիտեմ, թե ամեն անգամ
Ինչպես իմ սրտի դռները բանամ ,
Հետո անշշուկ, գուցեև՝ տարտամ
Թողնեմ մի ըստվեր ու լուռ հեռանամ ...

Հեռանամ այնպես, որ քեզ մոտ լինեմ ,
Որ տարածության ձեռքերը կարճեմ ,
Որ ժամանակի քայլերը շեղեմ
Ու խենթ կարոտի օվկիանը ճեղքեմ ...

Ես կամ այնքանով, որքանով <<դու կաս>> ՝
Ինչ էլ որ լինես՝ անգո, թե՝ երազ ...
Թող լռությունը միտքը իմ կարդա ՝
Մինչ դու կգտնես ելքի մի ճամփա ...


суббота, 11 мая 2013 г.

ԱԼԻՔՎՈՂ ՀՈՒՇ


Քեզ տեսա հեռվում, ինձ էլ տեսար դու,
Պատնեշ կա՝ մի օր կամուրջ է դառնում,
Ալիքվող հուշը իր երգն էր երգում,
Կարոտի ձայնը կարծես չէր լսվում ...

Ես քայլում էի, քայլում էիր դու,
Տարածություն կա՝ սրտով է չափվում,
Ես փնտրում էի աչքերիդ հեռուն,
Դու թերթում էիր էջերն իմ հոգու...

Հեռացա քեզնից, գնացիր և դու,
Կամուրջներ կան, որ բնա՜վ չեն այրվում,
Դու տարար քեզ հետ մոտիկ մի հնչյուն,
Ես էլ թաքցրի ալիքվող նոր հուշ...


понедельник, 6 мая 2013 г.

Այսօրը ՎԱՂԸ ՉԷ


Երեկը այսօրվա ստվերն է-
Անձրևը թող դրսում լու՜ռ մաղվի,
Սյսօրը այնքան էլ վաղը չէ-
Երազը լայնաթև թող ճախրի...

Աչքերը թաքցրած ժպիտ են-
Թող խոսեն վարանոտ, մեկուսի,
Ձեռքերը այդքան էլ ուժեղ չեն,
Որ փշրեն լռության պիրկ գոտին...

Քայլերը փրկության միջոց են,
Որ տանեն տնքոցը կարոտի,
Այսօրը բնա՜վ էլ վաղը չէ-
Երազը թող հեռվում անձրևի...


воскресенье, 7 апреля 2013 г.

ՄԻ ՊԱՀ .............


Անցյալը մի պահ իմ կողքով անցավ,
Ներկային դիպավ քնքշանքը նրա,
Բանտված երազը զույգ թևեր առավ,
Ու ես տարվեցի սլացքով  նրա...

Ու ես սիրեցի երազի ճամփան,
Արբեցի նրա արարման ոգով,
Ու ես փորձեցի թեկուզ՝ աննկատ,
Մասնիկ ունենալ նրանից մի օր...

Անցնող օրերը ինձ պարգև դարձան,
Նրանց շուրթերին երազներ հանգան...
Այսպես սիրեցի ես անցյալն անգամ,
Քանզի հենց այնտեղ գտա իմ ներկան...


пятница, 5 апреля 2013 г.

ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ


Անցյալն ու ներկան իրենց փոթորկով
Իմ կյանքի կառքն են վաղուց մտրակել,
Անտարբերության սառը ձեռքերով
Օրերիս դուռը թախծով եղյամել...

Ես էլ իմ ճամփին զույգ աչքեր տեսա,
Որ օվկիանացող կարոտներ ունեն,
Տարիներ հետո միայն հասկացա՝
Անցյալն ու ներկան ապագա չունեն...

Ու որքան կապտեն աչքերը այն ջինջ,
Ոչինչ չի փոխվի իր ընթացքի մեջ,
Անտարբերության քարե մի ժպիտ
Կձուլվի անխոս օրերի հետ խենթ...

....................................................................

Անցյալն ու ներկան գուցե իմը չե՞ն...


суббота, 2 марта 2013 г.

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՆՈՒՐՋՆԵՐ


Իմ լռության տիեզերքում
Ես կձուլեմ գարնան մի ծով,
Կթաքցնեմ այնտեղ բազում
Գույնով արբած արևի շող...

Քո լռության մայրցամաքում
Երբ կհոգնես ամռան տապից,
Երբ կմրսես նրա գրկում,
Ջերմ կուղարկեմ ես այդ ծովից...

Քո լռության երկինքներում
Երբ արտասվի աշունը թաց,
Ու երբ ջերմի ձմեռը ցուրտ,
Զով կուղարկեմ ամպերից ցած...

Քո լռության տիեզերքում
Երբ էլ ոչինչ քեզ չթովի՝
Սուզվիր մի պահ, լողա ծովում
Գարնանային անուրջների...



ԳԱՐՆԱՆԱՅԻՆ .............


Լռության ամպն է հոգուցս կախվել,
Կարոտիս մեգը երկինքն է պատել,
Գարնան գույները անցյալը բացել,
Փակել են դարձի ուղիներն ամեն...

Լռության շունչն է դուռըս եղյամել,
Տանս կտուրին հարցական դարձել.
Գարնան հողաբույր ու տաք գոլորշին
Հալոցք կբերի՞ ամպած հուշերին...

Լռության ձայնը ունկիս մեջ պայթել,
Տառ ու հնչյունից բառեր է քամել,
Գարնան  շուրթերով բառերը բացվել,
Լռությանն ուղղված բացիկ են դարձել....

......................................................................

Հոգուս շղարշը այդ ո՞վ է պատռել....


воскресенье, 17 февраля 2013 г.

ՀՈՒՇԵՐԻՍ ԱՄՐՈՑՈՒՄ



Հուշերիս ամրոցում կփնտրեմ ամոքում-
Ո՞րն է ճիշտ, որը՝ սուտ, կճշտեմ վաղ թե՝ ուշ...

Հուշերիս պահոցում կգտնեմ մի քիչ գութ-
Ու՞մ համար է պահվածերբ խառն են լույս ու մութ...

Հուշերիս հնոցում կտնքա մի ցավ բութ-
Թող այնտեղ էլ այրվի՝ անհասցե, անանուն...

Հուշերիս ամբարում կգտնե՞մ մի անուն,
Որ բերի վերջապես իմ սրտին ամոքում...

...........................................................................

Հուշերիս հալոցքում կհառնի մի նոր գույն-
Կձուլեմ նրանից իմ հոգուն հաշտություն...

среда, 9 января 2013 г.

ԵՐԲ..............


Երբ արցունքներս ինձնից գողացար-
Կոկորդս սեղմեց մի լուռ կարոտախտ,
Կարոտի շունչը իմ մեջ ծովացավ-
Գոլորշին նրա երկինքս դարձավ...

Երբ լռությունս ինձանից տարար-
Հենց այդ օրվանից իրոք համրացա,
Բառերս դարձան անկշիռ, անճար-
Ու՞մ էր պետք նրանց անցնելիք ճամփան...

Երբ մենությունս փորձես դու տանել-
Լռության բանտում գուցե ինձ գամես,
Որքան էլ ժպիտ այդժամ ճառագես-
Արցունքի ծովից փրկել անզոր ես...


ԻՄ ԿԱՐՈՏՆԵՐԸ ...................


Իմ կարոտները քեզ այցի կգան,
Երբ դու կկիսես անցյալն ու ներկան,
Երբ կուզես միայն անցյալով ապրել
Ու նրա գրկում հաշտություն փնտրել...

Իմ կարոտները քեզ լուռ կգրկեն,
Որ անցնող օրվա հոգսերից փրկեն,
Որ գալիք օրվա ստվերը լինեն
Ու այնտեղ սիրո կամուրջներ նետեն...

Իմ կարոտները ինձ ու քեզ  համար
Կձուլեն տողեր հանգերով անմար,
Իսկ վերնագիրը, թեկուզ և անհանգ,
Կդառնա մեր կույր կարոտի վկան...