вторник, 20 декабря 2011 г.

ՀԱՐԲԱԾ ՆԱՄԱԿ ...


Դու հեռացել ես ու ինձ թողել
փշրանքներ լույսի ,
Մայթերին թափված աստղերն ես
անգամ սրբել ու տարել ,
Հոգուս գույները քերվել են, չկան ,
իսկ նրանց փոշին
Լուռ խառնվել է թափված արցունքիս
ամեն կաթիլին ...

Հեռվում շառագունում է ամպրոպը հույսի
Ու ես ծրարում եմ մտքիս պահեստը`
հանձնելով թղթին ...

Թուղթը հոգնել է , հանգիստ է տենչում ,
Չի ուզում սրտիս անկումը տեսնել ,
Որ տողից տող է վայրէջքն իր փնտրում ,
Կամ էլ` առանց հանգ ձգտում է ճախրել ...

Դու հեռացել ես ու ինձ թողել
կածաններ լույսի ,
Բայց երբ մոտենում եմ դարպասին նրա
Հեռվից ամպրոպն է ճայթում իմ գլխին ,
Ու ծրարվում է հույսըս ակամա ...

Երբ վերադառնաս ...
Կգտնես գուցե անհասցե նամակ ,
Որը հարբել է ճերմակ էջերով ...
Թաքցրու այնտեղ հույսըս << խորտակված >> ,
Իսկ դու էլ ապրիր իմ << փրկած >> լույսով ...


суббота, 17 декабря 2011 г.

ՄԻԱՅՆ ԱՅՍՕՐ ...


Միայն այսօր իմ երազը դարձիր ,
Դարձիր փոթորիկ, գրկիր ինձ ամուր ,
Հեռու աստղերի գաղտնիքներն անծիր
Թող հետազոտեմ քո տաքուկ գրկում ...

Միայն այսօր իմ հեքիաթը դարձիր ,
Օգնիր,որ ես էլ մի պահ մանկանամ ,
Հավատամ իմ խենթ հեքիաթասացին
Ու իր հետ անխոսք հեքիաթում մնամ ...

Միայն այսօր ինձ բառեր շշնջա ,
Խոսքեր հասարա~կ, ցանկալի այնքան ,
Որ ես շփոթվեմ, բառերից հարբած
Շիկնանքով մատնեմ հույզըս թաքցրած ...

Միայն այսօր ինձ օրորիր հույսով ,
Որ իմ ներկայից շատ չվախենամ ,
Որ հույսը գրկած` ես անցնեմ քնով ,
Անուրջի ճերմակ դռները բանամ ...

Միայն այսօր իմ այցելուն դարձիր ,
Ոտքերըդ` ամպոտ, երազըս` փրկած ,
Իսկ թե լուսինն ինձ քնից արթնացնի ,
Աչքերըդ թող ինձ, դու հանգիստ գնա ...


среда, 14 декабря 2011 г.

ԵՐԱԶԻ ՁԱՅՆԸ


Փոթորիկներ կան, որ ծնվում մեկից
Ու ավերում են հոգում ամեն բան ,
Երբ նայում շուրջըդ, չես տեսնում կողքից ,
Թե ինչպիսին է սավանն այս ձմռան ...

Երկրաշարժեր կան, որ ցնցում միտքըդ
Ու քանդում են քո տունը երազի ,
Դեգերում ես լուռ` բարուրած հույսըդ ,
Թե փարվելու ես փրկված բեկորի ...

Հրաբուխներ կան, որ ժայթքում ներսում
Ու քարանում են սրտիդ հատակում ,
Փակում կարոտի շուրթերը ճաքած ,
Ասֆալտում սիրո հունդերը բացված ...

Ջրհեղեղներ կան, որ թեև դանդա~ղ ,
Բայց անգթորեն ջրով են ծածկում
Մտքիդ կածանը, հորիզոնն անգամ
Ու քեզ մնում է լոկ խեղդվել...ճահճում ...

Այսքանից բացի կան և ամպրոպներ ,
Բացվում են հանկարծ երկնքի սրտում ,
Նրանց մոլուցքից ծնվում են լույսեր
Ու վերականգնում ամենն իր տեղում ...

Ու դու տեսնում ես սավանը ձմռան ,
Նրա կուսական մաքրությամբ արբում
Եվ պատկերները անցյալում թողած
Քայլում ես առաջ ... երազն է ձայնում ...


воскресенье, 11 декабря 2011 г.


Պոկվել է լուսնից մի կտոր սառույց ,
Ընկել երազիս հենց շեմի վրա
Ու ամեն անգամ, երբ մտնում եմ տուն
Ինձ հետ տանում եմ դողը ձմեռվա ...

Ցուրտը մտնում է երակներիս մեջ ,
Հոսում արյան պես և այնքան արագ ,
Որ ինձ թվում է, թե էլ երբևէ
Տաք օրվա շունչը կողքիս չեմ զգա ...

Եվ ինձ թվում է,թե լուսնի շնչից
Իմ երազների երազն է մարել ,
Մինչ` օրեր առաջ, դեռ ամռան տապին
Այն կարող էր լոկ հեքիաթներ սնել ...

Իրոք, ունայն են կյանքում բան ու գործ`
Նման ձմեռվա լուսնի սառույցին ,
Լոկ հաստատուն է ՈՒԺԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ,
Որ հար կապրեցնի երազի փոշին ...


четверг, 1 декабря 2011 г.

ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴԸ


Խենթ աշնան վերջին ակորդն էր այսօր ...
Հնչեցրեց, փակեց երգարանը իր ,
Վերջին մի հայացք շուրջը նետելով
Հեռացավ աշունն իմ խելառ կյանքից ...

Թողեց ինձ մենակ` հուշերիս գրկում ,
Որոնց ամեն մի կենդանությունից
Արցունքածեփ է իմ հոգին լինում ,
Իսկ տաք գոլորշուց ծնվում է փաթիլ ...

Ծնվում է ձմռան մի նոր մեղեդի ,
Բացվում կարոտի ուրիշ երգարան ,
Որ պատկերները իմ խենթ հուշերի
Հետո ունենան մեկ այլ հանգրվան ...

Որ իմ դատարկվող օրերի կայքում
Երբ փորձեմ փնտրել կարոտի հասցեն ,
Մեկնող աշունից գտնեմ մի համբույր
Ու ձմռան մուտքը ավետող նոր երգ ...


пятница, 25 ноября 2011 г.

ՓՐԿՎԱԾ ԵՐԱԶ


Աշունը կարծես մեկնել չի ուզում ,
Քամու շուրթերով իր երգն է երգում ,
Ուզում է փրկել վերջին մի երազ
Վերջին դողացող տերևի նման ...

Քամին գրկել է իր թույլ ձեռքերով
Ու լու~ռ շոյում է գլուխը աշնան ,
Գուցե խոստանում ևս մեկ օրով
Ձգձգել տենդոտ մուտքը պաղ ձմռան ...

Խոստանում պահել իր սրտի խորքում
Աշնան հորինած երազները տաք ,
Որ օրերի խենթ վազքի ընթացքում
Ջերմանա հոգին բոցերով նրանց ...

Որ հաջորդ անգամ հանդիպման պահին
Կարոտած սրտով` գաղտնի բոլորից ,
Հրաշքով փրկած երազի փոշին
Աննկատ սփռի աշնան ձեռքերին...


вторник, 22 ноября 2011 г.

ԱՇՆԱՆԱՅԻՆ ...


Թերթում եմ վերջին օրերը աշնան ,
Թերթում ու փակում մի կենսագրություն ...
Թե ինչ կնիք կա էջերում պահված `
Գիտենք լոկ ես ու մի մեկնող աշուն ...

Վերջը բերում է նաև վերջակետ :
Տերևների խենթ պարի հետ անգամ
Թափվում են հույսի ծվեններն անհետ
Ու հանգչում հողի շերտերում ծալ-ծալ ...

Փարվում է հողի կարոտած գրկին
Սիրո կախարդող վերջին մեղեդին ,
Մի վերջին անգամ լույսն է ծափ տալիս
Ու լու~ռ ջրվեժում արցունքի փոշին ...

Ձուլվում են իրար գույները աշնան ,
Արևի ոսկին զտում է նրանց ,
Որ ուր էլ հառնեն, անգամ` վերանան ,
Կարոտի բոցը պահպանեն անմար ...

Ոչ, աշնան վերջը դեռ վերջակետ չէ ,
Այն նոր հույզերի երթ է ակոսում ...
Ձմռան անուրջը սառած ու երեր
Մեկնող աշնանը ձեռքով է անում ...


пятница, 11 ноября 2011 г.


Որտեղ են ապրում մեղեդին հոգու,
Երգը օվկիանի, ծփանքը ծովի ,
Ինչպես է լալիս մի դեղին աշուն ,
Ինչու են մարում ռիթմերը սրտի ...

Իմ այս հարցերին մի պատասխանիր -
Շատ բան զգում եմ < համըր կարոտից > ,
Միայն խնդրում եմ` ուժով քո վրձնի
Ինձ համար այսօր աշուն նկարիր ...

Նկարիր այնպես, որ ես խենթանամ ,
Գույներիդ զարկից կախարդված մնամ
Հոգու մեղեդուն, օվկիանի երգին .
Գտնեմ ու փարվեմ ծովի ծփանքին ...

Նկարիր անվերջ իմ դեղնած այգին ,
Այնտեղ դու կյանք տուր կապույտ երազին ,
Որ կախարդանքից ռիթմերը սրտիս
Լու~ռ հնազանդվեն խենթացած վրձնին...