вторник, 12 июля 2011 г.

ՄԻ ՀԻՆ ԿԱՐՈՏ...


Մի հին կարոտ կանչում է ինձ, ձեռքով անում ,
Մի հին կարոտ ապրում է միշտ սրտիս խորքում ...
Չեմ հասկանում հաճախ կարծես նրա լեզուն .
Գաղտինք ունի,թե` շատ է հին, շատ` անանուն ...

Մի հին կարոտ ինձ տանում է ճամփով անհայտ ,
Մի հին կարոտ շղթաներ է նետում հանկարծ ...
Ոտքերըս` թույլ, լեզուս` կապված, հոգիս` անկամ .
Գերությունն այդ, բայց, ինչու է ինձ ... հարազատ ...

Մի հին կարոտ ինձ թողնում է ու ...հեռանում ,
Մի հին կարոտ չի հասկանում` ինչ է անում ,
Որովհետև այն իմ արյանն է խառնվել .
Ես չեմ կարող նրան ինձնից կիսել, բեկել ...

Մի հին կարոտ ուր էլ գնա, կգա ինձ մոտ ,
Կպարգևի ճառագայթներ դեռ արևոտ ...
Վերադարձին կհասկանամ նրա լեզուն ,
Կվերծանեմ ամեն մասնիկ, ամեն հնչյուն ...

Մի հին կարոտ, համաձայն եմ, թող տեր դառնա ,
Իշխի հոգուս, տիրի սրտիս, միայն` մնա ...
Որ գույները իմ խենթ կյանքում չպակասեն ,
Տիեզերքում մի հին ու նոր կարոտ հյուսեն ...


пятница, 10 июня 2011 г.

ԱՆԱՌԻԿ ԱՄՐՈՑԻ ԼԵԳԵՆԴԸ


Անցորդ, խնդրում եմ, մի պահ սպասիր ,
Պատմել եմ ուզում հոգեթով լեգենդ .
Այդքան էլ հին չէ, պատմություն է մի ,
Որի թերթերը ինքըդ կբացես ...

Ովքեր են նրանք, ոչ ոք չգիտե ...
Չեմ կարող ժամ ու ժամանակ նշել .
Սառած մի հայացք հուշում է մի տեղ ,
Որ հերոսներն իմ ապրել են, եղել ...

Նրանցից մեկը հոգով իր արի `
Նման ասքերից հառնած դյուցազնի ,
Շատ էր մաքառել քամու դեմ, հողմի ,
Բայց պահպանել էր ոգին իր զարմի ...

Արծվի պես ազատ, վիրավոր անգամ ,
Սլացել էր վեր` աչքերում կըրակ ,
Մարել իր լույսը, ուրիշին տըվել ,
Խավարը հոգու գույներով լցրել ...

Հետո աշխարհի հոգսից ծանրացած `
Նա երազել էր, տենչացել մի բան .
Մարդկանցից հեռու մի տեղ քարանալ ,
Ինքն իր մեջ մնալ, անխոս համրանալ ...

Եվ այդպես դարձել անառիկ ամրոց ,
Սպիակիր, հպարտ ու խորհրդավոր .
Հոգու մեջ` բացված անեզր խորշեր ,
Սրտի խորքերում` դեռ տալու մեծ սեր ...

Մյուս հերոսը` աստղերին ձուլված ,
Նրանց կարոտի գոլորշով սնված ,
Տիեզերական գույներով օծված
Անցորդուհի էր շատ պատահական ...

Ուղիղ ճամփեքը մերժել էր վաղու~ց ,
Չէր հրապուրվում երկրային փայլով ,
Նրա սրտի մեջ, հոգու խորքերում
Ծիածանվում էր լոկ անհագ կարոտ ...

Թե ինչ հրաշքով, ում բարի ձեռքով
Խաչվեցին նրանց ճամփեքը մի օր .
Անառիկ ամրոցն ու գույնի գերին
Անծանոթ էին, բայց...հանդիպեցին ...

Հանդիպումները լույսեր են երկնում,
Երկինք ու երկիր իրար հետ ձուլում ,
Հանդիպումներից ծնվում է հնչյուն ,
Դառնում մեղեդի ու հոգեզրույց ...

Այս հանդիպումը ուներ լոկ խորհուրդ ,
Որ իրենով էր հենց խորհրդավոր ,
Իր հերոսների անբարբառ խոսքով ,
Տիեզերք հառնող հոգու գույներով ...

Հոգու գույներն էլ պեղվել են ուզում ,
Բացվել են ուզում բառերի նման ,
Հոգու զնդանն իսկ ցավոտ չի լինում .
Եթե փայլում են աչքերն աննման ...

Հայրենյաց երկրի որ ամրոցին էր
Նմանվել ուզում հերոսն իմ ջահել ,
Որ փակվել իր մեջ, չէր նայում ներքև ,
Ուր հոգու երգն էր թևածում անվերջ ...

Լսում էր հեռվից գերող մեղեդի ,
Զգում թիկունքին այրող մի հայացք ,
Բայց լու~ռ ամփոփված մեջն իր խոհերի ,
Չէր էլ նկատում ժամանակն անսանձ ...

Մինչ` ժամանակը, հանց հրեղեն ձի ,
Չի էլ հանդուրժում ուշացող մարդկանց ,
Այն, ինչ մնում է նրա խենթ վազքից
Կարոտ են կոչել սերունդներն անցած ...

Այն մոտենում է մարդուն քնքշորեն ,
Գրկում ջերմացնող, տաքուկ ափերով ,
Հետո դառնում է պսակ մի փշե
Ու խեղդում, տանջում իր հրե բազկով ...

Գուցե ծանոթ չէր հերոսն իմ քարե ,
Ծանոթ չէր այդչափ կարոտի ուժին ,
Բայց երբ իր կարծր սիրտը փափկացրեց ,
Որոշեց գտնել այն երգող հավքին ...


Որոշեց բացել փակ դարպասները ,
Թեև ուշացած` ներս բերել նրան ,
Թող որ հնչյունի անտես ռիթմերը
Բերեն իր հոգուն հոգու բալասան ...

Բայց բնությունն էլ իր խաղը ունի ,
Իսկ ժամանակը չի կանգնում բնավ .
Թուփ ու մացառներ մագլցել էին
Ու փակել մեկից ամրոցի ճամփան ...


Տենդագին որքան չարչարվեց, տքնեց
Իմ դյուցազունը` հողմերին հաղթած ,
Միայն լոկ հեռվից, խոր մշուշի մեջ
Նկատեց գունեղ մի արձանի փայլ ...


Սիրտը նվաղեց, ոռնաց խոր ցավից .
Թիկունքը այրող հայացքն էր կարծես ,
Որ արձանացած` անգամ իրենից
Բոցում էր անվերջ գույների հեղեղ ...

..............................................................

Թե որքան էր հին, որքան` իրական
Խոսքն իմ հնչեցրած ...թող գաղտնիք մնա ,
Լոկ թևածում է այստեղ մեկ պատգամ `
ՄԻ ԴԱՐՁՐԵՔ ԴՈՒՔ ՁԵԶ ՀՈԳՈՒ ՄԵԾ ԶՆԴԱՆ ...

Անցորդ, խնդրում եմ, պատմությունը այս
Տար ինձնից հեռու, տուր օտար մարդկանց ,
Որ նրանց շուրթին բացվելով ծաղկի ,
Իմ հերոսների հուշը չըկորչի ...


вторник, 7 июня 2011 г.

ՀՈԳՈՒՍ ԳՈՒՅՆԵՐԸ ...


Հոգուս երկինքը ամպել է նորից ,
Կծկվել իր մեջ, բարուրվել մեկից ,
Թե ինչ է ուզում, որ ես չեմ տվել ,
Ամպերի գորշը պատել է և ինձ ...

Հոգուս աչքերը մշուշվել են լուռ ,
Դարձել արցունքի համար մի նոր տուն ,
Որտեղից գտավ այն խենթիս հասցեն ,
Չգիտեմ անգամ` ես ում մեղադրեմ ...

Հոգուս շուրթերը համր են ու կարկամ ,
Հնչյունաթափ է բառերի ճամփան ,
Տառերն էլ եթե լապտերներ դառնան ,
Չի~ բացվի, մեկ է, լեզուն կապկապված ...

........................................

Հոգուս գույներն են անփոփոխ միայն ,
Շող են երկնքում, լույս` աչքի համար ,
Կբացեն նույնիսկ լեզուն համրացած ,
Եթե ԿԱՊՈՒՅՏԻՆ ...թողնեն անվնաս...


пятница, 27 мая 2011 г.

ՉԵՄ ՆԵՂԱՆԱ ...


Կարոտիս լեզուն ես չեմ հասկանում `
Այն մերթ բացվում է, ասելիք ունի ,
Մերթ էլ` լռում է, անդարձ համրանում ,
Կարոտս գուցե լեզու էլ չունի ?...

Կարոտիս գույնը կարծես չեմ տեսնում `
Կապույտ է, անգույն, թե`արդեն չկա ...
Ձուլվել է լույսին, կամ էլ` անհունում
Գուցեև հառնի որպես ծիածան ...

Գիտես` կարոտըս աչքեր էլ ունի `
Ինքս գիտեի այդ մասին վաղուց ,
Բայց չգիտեի, որ քո աչքերի
Արտացոլանքն է նրա խորքերում ...

Կարոտիս ձայնը դու դեռ չես լսել `
Հնչյուն է, աղմուկ, թե` խենթ զառանցանք ...
Աղոթքի մրմունջ, հոգեպարար երգ ,
Որ լոկ ծնում է չանցնող կարոտախտ ...

Կարոտըս նաև անուն էլ ունի `
Թող առայժմ այն դեռ գաղտնիք մնա ,
Իսկ եթե հանկարծ լեզվիցըս թռչի ,
Դու խու~լ ձևացիր...ես չեմ նեղանա ...