вторник, 8 мая 2018 г.


Իմ երազների արբեցնող բույրով
Քո երազների տուն եմ ներխուժել,
Իմ ունեցածը չափվում է հոգով,
Իսկ դու լռության լեզուն լա՜վ գիտես...

Իմ երազները անընդհատ աճել,
Երբեմն բեռ են քո հոգուն դարձել,
Իսկ դու շատ հաճախ օդին խառնվել,
Ուրիշի հոգսի պարկն ես լուռ կրել...

Իմ երազները չեն լինի մի օր,
Ուրիշ երազներ գուցե քեզ գտնեն.
Իմ ունեցածը չափվել է հոգո՜վ,
Իսկ դու այդ լեզուն վաղուց ես մերժել...


Անձրևն իրականում տրամադրություն է փոխում...ա'յն տրամադրությունը, որը ստեղծել է իրենից առաջ ինչ-որ մեկը...Դրա համար պետք չէ կախարդանք ունենալ...Պետք է ուղղակի խառնվել կարոտի գույնին և կաթիլ-կաթիլ քամվել ինչ-որ մեկի իրականության մեջ...
   Դու երբևէ փոխե՞լ ես որևէ մեկի իրականությունը...թող որ պակաս գունառատ...թո'ղ որ մի քիչ էլ թերի...
   Իսկ անձրևը փոխում է...փոխել է երեկ...փոխում է այսօր, կփոխի վաղը...Դրա համար սիրում եմ նրա երգեհոնը, որ բնության սրտում նվագում է ինձ համար` այն համոզումով, որ ես սիրելու՜ եմ իմ նոր իրականությունը...

ՇՆՉՈՒՄ Է...ՕՐԸ



Շնչում է օրը...ես էլ չգիտեմ,
Թե իր որերորդ խորը հոգոցով:
Թակում են դուռը...հուշը մոլորվել՝
Մթից խնդրում է հույսի մի տաք շող...

Խնդրում է՝ փրկել վայրկյանն այն անցնող,
Որում երազ կա անկատար, մոլոր...
Բայց պահել այնպես, որ չատի ոչ ոք
Հոգու թռիչքը...թեկուզ՝ անծանոթ...

Տնքում է օրը...ու ես լավ գիտեմ,
Թե ինչ է հուշում նա իր հոգոցով:
Անցյալը կողպել, շեմին եմ նստել...
Իսկ ներկա ունե՞մ...կճշտեմ մի օր...


Կար ժամանակ, որ ես գրում էի գարնան ու անձրևի մասին...Միշտ մի թացություն ամեն բացվող օր ուղեկցում էր ինձ...Հետո այնքան գրիչը թրջվեց, որ էլ չուզեցի նրա միջոցով մեղեդի մեկնել... 
   Եկավ ամառը...իմ լռության եղանակը...նրա տաք գրկում ինձ չեմ ճանաչում...սրտի զարկերն են իմ մասին հուշում...
   Աշնան գույներին ես դեռ կհասնեմ...մի քիչ պահածոյացված թացություն կխառնեմ նրա ներկապնակին, որ իմ երազած երանգը քաղեմ...ու իմ հույզերը գույներով մեկնեմ...
   Ձմեռը թող սպասի...քիչ առաջ հրաժեշտն իր կարդաց...Հոգնած էի ես...հոգնած էր և նա...գուցե դրանից բան չհասկացա...
   Հետո կգա մեկ ուրիշը, ով կուզի երգել գարնան անձրևը...Բայց նույն թացությունը կփորձի մեկնել հոգու և մարմնի անավարտ երգը...Մեկնել այնպես, ինչպես ես փորձեցի, բայց...ոչինչ չստացվեց...Գրիչն էր թրջվել...


Լինում են օրեր՝ փախչել եմ ուզում,
Ուզում եմ ապրել մի հեռու կիրճում,
Ուր ինձ չի հասնի և ոչ մի հառաչ,
Ուր երկինք կա բաց՝ ճախրելու համար...

Լինում են պահեր՝ ես ինձ եմ փնտրում
Այնտեղ, ուր մարդիկ ոչինչ չեն գտնում,
Ուր մտքի վրա կապանք չեն դնում,
Ուր գործ ու մարմին հօդս են ցնդում...

Լինում են երգեր՝ մենակ եմ լսում
(Ոչ ոքի պետք չէ հառաչը հոգու)...
Օրերը հոսում, ստվեր են դառնում,
Լինում են օրեր՝ դա էլ չե՜մ զգում...

Ու միտք եմ անում՝ արդյոք կան օրեր,
Որոնց անհարկի ցավեցրել եմ ես...
Մարդը կարող է նաև սայթաքել,
Բայց իր նմանից չի կարող փախչել...




Իմ մոլորակից փնտրեցի նրան...
Գտա մի հյուլե, մի փոքրիկ պատառ,
Սակայն դրանից կյանքը կանգ չառավ,
Պարզապես լսվեց մի տխուր հառաչ...

Իմ մոլորակում կա գույների խաղ,
Կա սրտեր կապող հազարամյա տաղ,
Կա նաև նետված մի անարժեք քար,
Որի հարվածը թույլ է ու տկար...

Իմ մոլորակից ձեռք է մեկնված
Նրան, ով չունի երազ վաճառած,
Ում համար կյանքը երգ է ու պայքար,
Ով ունի այլոց ապրեցնելու կամք...