понедельник, 14 сентября 2015 г.


Կյանքի կտավը ԱՊՐԵ՜Լ է ուզում...
Ու ծանրանում է մարդկության ցավը,
Այն բթացնում է և խղճի ձայնը...
Ու խառնվում է կյանքի կտավը,
Գույներն են պատռում նրա պատրանքը...
Ու թափառում է միտքը հուսահատ
Ցավը չի՜ լքում , խղճին է գամված...
Ափին կտավն է՝ մարդկանցից լքված,
Օգնության աղերս՝ շուրթերին սառած...
Ու խտանում է արցունքի աղը,
Սփոփանք չի բերի անգամ հրաշքը..
Գույներն են ճչում...լու՜ռ է աշխարհը,
Ապրե՜լ է ուզում կյանքի կտավը...



Ես...չեմ բողոքի...
Դու ինձ պատրաստիր քո գալստյանը,
Իմ թռիչքների անզուսպ վերելքին...
Թող որ հավատամ քո «հարությանը»՝
Կյանքի խաբկանքը ինչ էլ որ բերի. ..
Դու ինձ պատրաստիր մեր հանդիպմանը ,
Անսուտ խոսքերի կապույտ ճախրանքին...
Վաղու՜ց եմ գծել ես այն սահմանը,
Որ չեմ տրվելու սին պատրանքներին...
Դու ինձ պատրաստիր և բաժանմանը՝
Արդեն սովոր եմ, հլու է հոգիս...
Օգնիր, որ լքեմ քո գոյությանը ,
Հետո հեռացիր...ես չեմ բողոքի...



Հուշերը մրսու՞մ են, չգիտեմ...Իսկ դու գիտե՞ս, թե ինչպես է ճամփա ընկնում արցունքի կաթիլը...հոսում է, բղավում, բայց մենք չենք ուզում լսել, թե ինչ է փորձում նա պատմել...դա խանգարում է մեզ՝ ուրիշի՜ ցավին հաղորդակից լինելը...
Մենք չենք մրսում, երբ ուրիշի ցավն ենք տեսնում...Իսկ հուշերը ցավում են, երբ արցունք է հոսում...նրանց բղավոցը լռությունն է խեղդում...
Ամպերի բեռը ծանրացել է գիշերվա կոպերին...Ժամացույցի թիկ-թակն է միակ սպեղանին...Օրվա մորմոքը մնաց հուշերի թաց ուսին...



Հուշերը լինո՞ւմ են խոնավ...չգիտեմ...Օրվա զառանցանքից գիշերը գլուխն առել է ձեռքերի մեջ ու սպասում է իմ խոսքին...Ես ինքս վաղո՜ւց խտացած սպասում եմ ...Որսում եմ հեռվից ինձ պարզված լռության ափերը ...դրանք էլ են տենդում խոնավությունից...Սարսափում եմ, տաք անկյուն փնտրում...
Ամա՜ռ, վերադարձրու հուշերիդ տաքությունը...հեռվում մրսում է խոնավ լուսինը...



Քամին չի լսում, լոկ ինքն է խոսում,
Լռության ձայնը հեռվում է մարում,
Ո՞վ է հառաչում, իսկ ո՞վ՝ աղմկում,
Խլացած մեկին դա չի էլ հուզում...
Այսպես անցնում են օրերը բոլոր,
Սիրո մեղեդին դառնում է մոլոր,
Աստղերը անգամ ժպտում են քամոտ,
Իսկ իմ աչքերին քուն չի գալիս մոտ...




Լուսին, դու ինձ ասելու ոչի՜նչ չունես...չունեիր և այն ժամանակ, երբ քո հայացքի հովանու ներքո ես պեղում էի գույնի խորհուրդը...Անփո՜րձ էի , իսկ դու ինձ ոչի՜նչ չհուշեցիր, չպատրաստեցիր կորուստների փակուղով անցնելու հերոսացմանը...
Իսկ այսօր ի՜նչ ես անում...հերոսանում ես ի՞նքդ՝ հուշեր բերելով փակուղու ելքից...
Ու՜շ է...սառը հայացքիդ ներքո վաղու՜ց եմ սերտել քո ասելիքը...Վաղու՜ց արդեն հասուն է դարձել այն իմ պեղելիք գույնի խորհուրդը...



Եթե հարցնես դու ինձ, թե սիրու՞մ եմ ամառը, կպատասխանեմ՝«այո», չէ որ քո աչքերի սերենադը ծնվեց հենց այդ եղանակին...Եթե հարցնես դու ինձ, թե ատու՞մ եմ ամառը, կպատասխանեն քեզ իմ արցունքները, որոնք ծնվեցին «այո» և «ոչ»-ի անվերջ խաբկանքից...
Ապրիր խաղաղությամբ և ինձ մի հարցրու, թե ինչպես եմ ապելու իմ ա՜յս ամառը...


Անցյալի պատուհան



Իմ անցյալները պատուհան ունեն,
Հաճախ են խլում հայացքս փայլող,
Վազող ժամերը, ա՜խ , դադար չունեն՝
Ինչպե՞ս պարգևեմ ժպիտս ներող...
Իմ անցյալները շա՜տ են ինձ փորձում՝
Հանգիստ չեն տալիս,անվե՜րջ են տենդում...
Քամին ականջիս վերհուշ է սերտում՝
Ինչ է՝ չեմ լսել իր երգը հնում...
Իմ անցյալները շատ են աղմկում,
Ներկա օրերի հանգիստն են խլում:
Այսքանից հետո ես չեմ հասկանում՝
Այն պատուհանը ինչո՞ւ չեմ փակում ...



Կյանքը փրփուր է ժայռերին խփվող,
Ոչ ոքի պետք չէ ճերմակը նրա,
Խաբկանքի որո՞տ, թե՝պատրանքի դող,
Միայն փշրվող շիթը կիմանա...
Կյանքի փրփուրից շատերն են կառչած՝
Ոսկի է թվում ճերմակը նրա.
Ժայռերին խփվող ո՜վ մարդ արարած,
Գեթ զանազանիր գույներն իրական...



Անձրևի թացը շա՜տ է, խեղդվում է գիշերը,
Երազի աչքը բաց է, սառել են հուշերը...



Սրտի արվարձանում հանգերն են լուռ մարում-
Մի խենթ կարոտ փլվեց բերդի պարիսպներին..
Անձրևներն են միայն խեղդված սիրուց խոսում
Լռությունն էլ արդեն հասցեատեր չունի...


Երեկոյանում է...Արդեն չեմ հիշում, թե քանի տարի և քանի երեկո է, որ քեզանից լուր չունեմ...Դու ամռան նվերն էիր...Հիմա գարուն է...Երբևէ հիշե՞լ ես , թե ինչպես ներխուժեցիր իմ օրերի մեջ և ինչ գույնով վրձնեցիր իմ կարոտի աշխարհը ...Իսկ երբևէ կարդացե՞լ ես իմ այն տողերը, որ քոնն են եղել, բայց դու կուրորեն չե՜ս տեսել դրանք...
Հիմա դու չկաս...Օվկիանոսից այն կողմ մարդիկ և՛ խուլ են և՝ կույր...
Երեկոն լուսնի կիսաբաց շուրթերով ժպտում է ինձ...Արդեն չեմ էլ հիշում, թե ինչի՞ս է պետք այդ ժպիտը և ու՞մ են պետք իմ անհասցե նամակները...
Ինձ մոռացնել տուր և աչքերիդ գույնը...



Որտե՞ղ ես թաքցրել իմ անհասցե նամակները...դրանք անձրևի մեղեդիներից ծնվել, գիշերվա մթում կոփվել ու խենթ քամիների անսանձ պարի տակ քեզ են առաքվել...Գուցե առաքի՞չն է շփոթել հասցեն...Ա՜խ, մոռացել եմ նշել հասցեատիրոջ անունը ...Իսկ դու երևի չես էլ հիշել երբևէ, որ դրանք իմ անհասցե՜ նամակներ են...


Կոպերս կառամատույցում են...մի ձեռք կոտրված ճյուղի խորհուրդը ունի...Ինչո՞ւ չի գալիս այն գնացքը, որ իր հետ գիշեր է բերում...կոպերս կտանի իր հետ...Գուցե չվացուցակը կորցրե՞լ եմ...այն կոտրված ճյուղն էր մեղավոր...


Այս գիշեր չեմ քնի...կգրեմ նամակներ, կծրարեմ աստղերի փոշով ու քեզ կուղարկեմ լուսնի թևերով...Եթե չբացես ընծաս՝ ես չե՜մ նեղանա...այն ետ ուղարկիր՝ լուսնին պետք կգա...


Փնտրեցի երկար...ուզածըս՝ չկար,
Իսկ երբ գըտնվեց...էլ արդեն պետք չէր...
Ինձ արդեն պետք չէր...շա՜տ էր ուշացած...



Գարնանային ամպրոպ,
Ինձ չես թողնում քնել,
Ինչ որ հուշեր ամպոտ
Սնարիս ես շարել...
Ներիր, որ քո ընծան
Ես չեմ կարող վերցնել.
Դե, երազի ճամփան
Անկարող ես շեղել...
Քո այդ վարարումով
Գուցե վերքե՜ր բացես.
Մի քիչ զգույշ եղիր՝
Լավ է՝ այլ հուն գտնես...
Իմ ամպամած հուշեր,
Դուք էլ ինձ հետ ննջեք,
Գարնան խենթ ամպրոպներ
Այնքա՜ն դեռ կտեսնեք...