понедельник, 7 октября 2013 г.

Աշուն՝ աշնան մեջ


Որտեղի՞ց այսքան ձմեռ՝ աշնան մեջ-
Տերև ու փաթիլ իրար են բախվել,
Մի տեղ տենդում է երազը ավեր,
Մի այլ տեղ՝ մրսում հույսը բնավեր...

Որտեղի՞ց այսչափ մուրացող ձեռքեր-
Սեր չկա վաղուց, մանուկ են մորթել,
Փշրանքը նրա նետել են մի տեղ,
Մեկ այլ տեղ՝ փրկել փոքրիկ մի ծվեն...

Որտեղի՞ց գտնեմ աշուն՝ աշնան մեջ,
Որ միմյանց փարվեն և գույն և ստվեր,
Որ երազները միշտ ունենան տեր,
Որ հույսը դառնա ամենուր տանտեր...

Ուզում եմ տեսնել աշուն՝ աշնան մեջ...


суббота, 5 октября 2013 г.

ԱՆՎԵՐՋՈՒԹՅՈՒՆ


Որքան ուզում է օրը երկարի՝
Անլույս է նրա վերջը լինելու,
Որքան ուզում է խավարը ձգվի՝
Նոր բացվող օրը հույս է բերելու ...

Որքան ուզում է անցյալը փայլի՝
Նրա քայլերը ետ են տանելու,
Որքան ուզում է կարոտը մաշվի՝
Ներկան հետո է նրան հիշելու...

Որքան ուզում է հույսը բարակի՝
Հավատն է նրան ամուր գրկելու,
Որան ուզում է շղթան այս ձգվի՝
Մտքի կծիկը չի վերջանալու...