суббота, 2 марта 2013 г.

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՆՈՒՐՋՆԵՐ


Իմ լռության տիեզերքում
Ես կձուլեմ գարնան մի ծով,
Կթաքցնեմ այնտեղ բազում
Գույնով արբած արևի շող...

Քո լռության մայրցամաքում
Երբ կհոգնես ամռան տապից,
Երբ կմրսես նրա գրկում,
Ջերմ կուղարկեմ ես այդ ծովից...

Քո լռության երկինքներում
Երբ արտասվի աշունը թաց,
Ու երբ ջերմի ձմեռը ցուրտ,
Զով կուղարկեմ ամպերից ցած...

Քո լռության տիեզերքում
Երբ էլ ոչինչ քեզ չթովի՝
Սուզվիր մի պահ, լողա ծովում
Գարնանային անուրջների...



ԳԱՐՆԱՆԱՅԻՆ .............


Լռության ամպն է հոգուցս կախվել,
Կարոտիս մեգը երկինքն է պատել,
Գարնան գույները անցյալը բացել,
Փակել են դարձի ուղիներն ամեն...

Լռության շունչն է դուռըս եղյամել,
Տանս կտուրին հարցական դարձել.
Գարնան հողաբույր ու տաք գոլորշին
Հալոցք կբերի՞ ամպած հուշերին...

Լռության ձայնը ունկիս մեջ պայթել,
Տառ ու հնչյունից բառեր է քամել,
Գարնան  շուրթերով բառերը բացվել,
Լռությանն ուղղված բացիկ են դարձել....

......................................................................

Հոգուս շղարշը այդ ո՞վ է պատռել....