понедельник, 30 апреля 2012 г.

ՉԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ ...


Ես  չեմ  ափսոսում  այսպես  տենդագին
Մարդու  մեջ  ՄԱՐԴՈՒՆ  փնտրելու  համար .
Գուցե  երկի՞նքը  պայթի  իմ  գլխին -
Մտքիս  կանթեղով  կփրկեմ  նրան ...

Ես  չեմ  ափսոսում  իմ  արմատներով
Այս  հողաշխարհում  քայլելու  համար .
Գուցե  շատերին  մնա  անծանոթ
Շղթաներ  մերժող  ցանկացած  ճամփա ...

Ես  չեմ  ափսոսում  այսքան  կախարդող
Գույներով  կյանքըս  ներկելու  համար .
Գուցե  և  վըրձնե՞ն  նրանք  սրտի  դող -
Հոգուս  հնոցում  կկոփեմ  նրանց ...

Ես  չեմ  ափսոսում , իմ  անհաս   ԵՐԱԶ ,
Քեզանով  այսչափ  ապրելու  համար .
Գուցե  համառի՞  կարոտը  անսանձ -
Դու  էլ  չափսոսաս  խենթ  երգիս  համար ...

среда, 11 апреля 2012 г.

ԵԹԵ ................


Իսկ եթե հանկարծ անցյալը նորից
Հին թաքըստոցից գլուխը հանի՞ ,
Գա, մեկից նստի իմ դռան շեմին ,
Չթողնի քայլեմ, ոտքերըս բռնի ~...

Իսկ եթե հանկարծ ոտքերըս ծալվե՞ն ,
Այդ պաղ ձեռքերին փլվել ես ուզե~մ ,
Էլ ուժ չունենամ ներկայով ապրել ,
Ինձ իմ անցյալի գրկում ես փնտրե~մ ...

Իսկ եթե հանկարծ գըտածս կորցնե՞մ ,
Ինքըս ինձանից փախչել ես ուզե~մ ,
Ամեն, ամեն ինչ ես փուչ համարեմ ,
Ու ինձ բոլորից զատե~մ, բաժանե~մ ...

... Ու եթե հանկարծ անցյալը կրկին
Նույն համառությամբ դեռ ինձ որոնի~ _
Ներկաս կհանձնեմ նրա ձեռքերին ,
Կըհաշտվեմ ինձ հետ ... կկանգնեմ ոտքի ...