суббота, 24 марта 2012 г.

ԼՌՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ


Բաժանված ենք մենք...լռությունն է բորբ
Սառցե բոցերում հոգին իմ << այրում >> ,
Մինչ` կողքից նայող և ոչ մի անցորդ
Մոխրակույտերը չի~ էլ նկատում ...

Անջատված ենք մենք ... այդպես խավարն է
Լույսին երբեմն զնդանում փակում ,
Իսկ երբ վերջինըս փորձում է բոցել `
Անգամ զնդանի երա~կն է կտրում ...

Կըտրված ենք մենք ... այդպես մայրացող
Ծառն են անդրանիկ իր պտղից զրկում ,
Ծարաված հողի տենդը փարատող
Ջրի մի վերջին ծորակը փակում ...

... Լռությունը իր թաց տիրույթներում
Մերթ գահակալ է, մերթ` խոնարհ ծառա ,
Ժամանակն է լոկ, որ << այրված>> հոգու
Մոխրակույտերի տերը կըդառնա ...


пятница, 23 марта 2012 г.

ԲԱՑ ՆԱՄԱԿ


Երբ բացեք այս նամակը, չփակեք այն, քանզի կյանքի իրական պատկերն եմ ես ծրարել այնտեղ ... քանզի ես ասելիք ունեմ ...
Աղջիկը ինը տարեկան էր` հոնի մեծ աչքերով ...Իմ աշակերտուհին չէր...չհասցրեց անգամ հրաժեշտ տալ իր ուսուցչուհուն...Իրեն հրաժեշտ տվեցին ...Նրա մրահոն աչքերը  փակ էին, իսկ ճերմակ ժապավենները քնած տիկնիկի տեսք էին հաղորդում...Ես կարծես մղձավանջի մեջ լինեի,կամ` տխուր երազում...Միայն մոր ողբն էր` մինուճար զավակի վրա հիշեցնում, որ այս ծրարում եղածը իրական էր, որ իրողություն էին նաև վշտից խենթացող կնոջ խոսքերը` << Գարունը բոլորին կարմիր արև բերեց, իսկ ինձ` սև գույներ...>> ...
Տղան ծնվեց այն ժամանակ, երբ ռազմաճակատում թշնամու գնդակից մեկ օր առաջ զոհվել էր 34-ամյա հայրը ...Իսկ ինքը որքա~ն սպասված զավակ էր այդ ընտանիքում...Տարիներ ի վեր հայրը երազել էր որդու մասին...անգամ անունն էր սրտում քանդակել...Կնոջ ու որդու տաք անունն էլ շուրթերին` փակել էր աչքերը ...Չգիտեմ, որդին կժառանգի՞ արդյոք հոր կապույտ, կյանքի ծարավ աչքերը...Բայց հաստատ է, որ նա կունենա մի որբ կարոտ, մի չանցնող տագնապ, կոկորդը սեղմող երկու անտես ձեռք ...
Բազմակետեր եմ այստեղ ծրարում ոչ թե նրա համար, որ ասելիք չունեմ, այլ,որ այսպիսի դեպքեր կան ամենուրեք ...Խնդրում եմ, իմ խոսքերը չծրարեք... ես դեռ ասելիք  ունեմ դստերը կորցրած կնոջը, հորը կորցրած նորածին որդուն ... նրանց նմաններին ...
Հանճարեղ ՆԿԱՐԻՉԸ դրսում գարուն է նկարում, իսկ մեր հոգու խորքում` մի պարզ ցանկություն` երբևէ տեսնել տառապյալ դեմքից արցունքը չորացած,իսկ որբ կարոտը` մեզ հավետ լքած ...
Հանճարեղ ՆԿԱՐԻՉԸ սխալվել չի կարող ...ՆԱ տիեզերական երկարություններն ու լայնություններն է իր հանճարով չափել, ամեն աստղի հետ զրույցի նստել ...ՆԱ գիտի նաև աստղային երազներն իրականացնելու գաղտնիքը ...

Իմ այս ծրարված հույսը կարդացեք բոլորի համար որպես բաց նամակ ...


ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է ...


Երբ դիմակահանդեսն ավարտվեց, ես տեսա այն, ինչը երկար ժամանակ տեսնում, բայց ...նկատել չէի ուզում ...Բոլորն արդեն առանց դիմակների էին...Իմ հյուսած երազը չկար...Որքա~ն արվեստով ու սիրով էի հորինել նրան, աստղափոշու տակ թաքցրել իրական դեմքը ...Ինչևէ ... ցավով, բայց ընդունեցի նրա նոր տեսքը...
Հանկարծ նա վերցրեց ապակու կտորը ու սկսեց խզբզել սեփական դեմքը...Հոգիս նվաղեց...ես դարձա ամբողջովին ցավ...Ցավից ոռնացի և ...արթնացա ...Սառը լռություն  էր շուրջըս...տենդում էր միայն անքուն գիշերը ... Հասկացա ... մղձավանջային երազ էի տեսել...Տագնապած սիրտըս կամաց-կամաց վերադարձավ իր տիրույթները... վերգտավ կորցրած ռիթմը...
Բայց այս ի՞նչ է...Նույն ապակու խզբզանքը իմ հոգո՞ւ վրա ...Ոչ...ես այնտեղ լինել չէի կարող...
Պատուհանից այն կողմ հանճարեղ ՆԿԱՐԻՉԸ գարուն էր նկարում ինձ համար, իսկ ձյունահամ վաղորդյան ցողը խնամքով վիրակապ էր դնում հոգուս բաց վերքերին...
Հանգիստ շնչեցի ...Դիմակահանդեսն իրոք ավարտված էր ...


пятница, 9 марта 2012 г.

ԽԵԼԱՀԵՂ ՎԱԶՔՈՒՄ


Ինձ երազների վերմակով ծածկիր ,
Աստղային ճոճքում օրորիր կամաց ,
Պատմիր դրվագներ հին-հին ասքերից ,
Որ ես վերանամ այս կյանքից անսանձ ...

Որ ես չլսեմ քառատրոփ անցնող
Կյանքի դոփյունը` իմ ունկերի մեջ ,
Որ լուռ թոթափեմ հոգիս պարուրող
Օրերի փոշին, կորցնեմ անհետ ...

Որ շնչեմ միայն նեկտարը կյանքի ,
Ամրացնեմ հողին ոտքերըս ծնկած ,
Որ փակվեմ հանգիստ գրկում երազի -
Ինձ օրոր կասի լուսինը շիկնած ...


ԻՄ ՀԻՆ ԵՐԱԶԸ


Երազում տեսա երկիրն իմ Վանա ,
Երազում խայտաց ծովըս կապուտաչ ,
Իմ լուռ կարոտը լեզուն իր բանաց ,
Ու ես գգվեցի հողիս կարոտած
Հողը տնքում էր դարերի ցավից ,
Այն պարարտացավ արցունքիս ցողից ,
Իմ սրտի բեռը նրան հանձնեցի ,
Հիվանդ ոտքերըս ուժով լցրեցի
Կորացած հոգիս ձգվեց վերջապես ,
Երբ հողի գգվող բերկրանքը ապրեց ,
Երբ Վանա ծովի ափերին գտավ
Իմ հին երազը` տունըս հայրական
Հուզմունքով մտա օջախն իմ նախնյաց ,
Ուր օրորվում էր հույսը իմ մանկան ,
Երազում որքա~ն ես հասունացա ,
Երբ իմ կարոտի ափերը հասա ….



Նկարիչ,լսու՞մ եսինձ համար այսօր գարուն նկարիրԳարնանամուտ է, սիրտս հալվում է….այսօր իմ հոգում հալոցք քանդակիրՆկարիր այնպես, որ ես արթնանամհոգու ծաղկունքին գերի ես մնամՈր զգամ բույրը քո թաց ներկերի ու արբեմ գինով կարմիր վարդերիԻսկ թե որոշես կապույտը բեկել ,հոգուս շղարշից հավետ վերացնելհամաձայն եմ եսգուցե այդ դեպքու՞մ ձուլվեմ գարնան հետ, դառնամ պակաս խենթ
Նկարիր գարունհոգնել եմ սառցիցապրել է ուզում ձյունածածկ հոգիս
Իսկ թե հոգնել ես դու նկարելուց,հոգնել ես կյանքի բովում կոփվելուց,նկարին ձուլվիր իմ գարնանայինայնտեղ կա բեկում, այնտեղ կա երկինք
Գարուն, լսու՞մ ես , ինձ համար այսօր նկարիչ դարձիր


ՁՄՌԱՆ ՏԱՔ ԱԿՈՐԴ

Մի նեղվիր, ձմեռ, որ քեզ չեմ պահում ,
Որ չեմ գուրգուրում վարսերդ ձյունոտ ,
Որ քո հմայքով արդեն չեմ գերվում
Ինձ համբուրում են շողերն արևոտ

Մի փորձիր, ձմեռ, նահանջդ փրկել ,
Նահանջ կա` իր հետ դաշինք է բերում ,
Հպարտությունը կարող է խլել
Եվ հուշերը պաղ, ուր կար ջերմություն

Մի թախծիր, ձմեռ, միշտ էլ այս կյանքում
Հանդիպումն իր մեջ և դող է կրում ,
Այդ դողից մի բուռ կա իմ ափերում ,
Ես էլ իմ բաժին վերհուշն եմ ապրում

Արի հուշերը մեր իրար խառնենք
Ու մի խենթ կյանքի պատմություն գրենք ,
Որ նրա էջիցինչպես մանանա ,
Ձմռան տաք շնչի ակորդը մնա