понедельник, 26 сентября 2011 г.

ՊԱՐԱՀԱՆԴԵՍՈՒՄ


Աշունը դուռըս մեղմ բացեց -
Պարահանդեսի հրավեր ուներ ,
Աշունը ձեռքըս լուռ բռնեց -
Հոգիս քայլելու բնա~վ ուժ չուներ ...

Աշունը մեղմիկ թախանձեց ,
Խնդրեց` չլքեմ պարի ժամանակ ,
Աշունը հանկարծ ինձ գրկեց ,
Խենթացավ վալսը մեր ոտքերի տակ ...

Աշունն ինձ մենակ չթողեց ,
Դեղին շղարշն իր նետեց ուսերիս ,
Աշունն իր գույները տվեց ,
Խոստացավ հիշել ինձ նման խենթին ...

Աշունը լռին հեռացավ -
Իր հետ տանելով մեղեդին վալսի ,
Աշունը քաղցըր հուշ դարձավ ,
Թողեց հրավեր պարահանդեսի ...


суббота, 24 сентября 2011 г.

ԱՌԱՎՈՏՆԵՐԸՍ ...


Առավոտները իմ որբ են բացվում -
Դու չկաս նրանց խոնավ ծալքերում ,
Առավոտներըս հույսով չեն թարթում ,
Կոպերը բանալ ինձ չեն խոստանում ...

Առավոտներըս կեսօր չեն անգամ ,
Թույլ ու նվազ է հորդումը լույսի ,
Երակներում էլ ջերմություն չկա ,
Մարում է կարծես հևքը կարոտի ...

Առավոտներըս երեկո են լուռ ,
Ինքնամփոփ, մրսած, թալանված, երեր ,
Արցունքափոշուց դարձել են մի բուռ ,
Ինձ նետել լույսի դողացող ստվեր ...

Առավոտներըս գիշեր դարձրիր ,
Երբ քո աչքերը փակեցիր իմ դեմ ,
Սրտիս պատերը անպաշտպան թողիր -
Թախիծն է անհոգ ծվարել այնտեղ ...


ԱՇՆԱՆ ՆՎԵՐԸ


Աշունն ինձ թևաթափ արեց ,
Հոգուս գույները իրար չձուլեց ,
Աշունն ինձ անճարակ թողեց ,
Ավազի նման երազըս հալվեց ...

Աշունը մունետիկ չեղավ ,
Քո վերադարձը շուրթերիս մարեց ,
Աշունը սրտի պատ դարձավ ,
Քամու ապտակից անձայն փշրվեց ...

Աշունը լոկ աշուն մնաց ,
Ուսերիս թախծի խոնա~վ բեռ դրեց ,
Աշունը ամառըս տարավ ,
Նրա փոխարեն սառած հուշ տվեց ...


ՔՈ ԱՉՔԵՐԻ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ ...


Կարոտել եմ քո աչքերին ,
Քո աչքերի օվկիանոսին ,
Թող որ սուզվեմ նրանց խորքում ,
Նրանց խոնա~վ ալիքներում ...


Ես կգրկեմ թախծիդ լեռը
Ու կխառնեմ խոր ձորերիս ,
Իմ կարոտի հորիզոնը
Լուռ կփռեմ քո ոտքերին ...

Կհավաքեմ հոգուս խորքում
Քո արցունքի տաք գոլորշին
Ու կձուլեմ Տիեզերքում
Իմ կարոտի աստղափոշին ...

Եվ այնտեղից Երկիր կիջնեմ ,
Ծնկի կգամ ու ... կաղոթեմ ,
Որ կարոտիս լուրթ ջրերում
Հավերժ ժպտան մի զույգ աչքեր ...