суббота, 4 декабря 2010 г.

ԱՍՏՂԱՅԻՆ ԵՐԳ ....



Աստղերը վերում երգում են կամաց ,
Երգում են այնպես, որ մարդ չարթնանա ,
Բայց ես շատ վաղուց` քունս կորցրած ,
Ունկնդրում եմ այն, ինչ թափվում է ցած...

Թափվում անխռով, խռովում հոգիս ,
Մերթ գույն նվիրում, մերթ` խլում նորից ,
Մերթ բոց է դառնում, հրով ճարակում ,
Մերթ էլ` սառույցի գիրկը ինձ նետում...

Քնքշանք է ծորում մերթ նրա շուրթից ,
Հնչյունն իսկ թանկ է, այնպես` հարազատ .
Մերթ էլ` երգը այդ դառնում է պատիժ ,
Կամ` օտարացած անտարբեր հայացք...

Իսկ ես ուզում եմ ունկնդրել անհագ ,
Այնտեղ հուշերիս արցունքն է քամված ,
Խոսքեր կան չասված, թերի, անավարտ ,
Այն իմ կարոտի ճիչն է խեղդված...

Աստղերը վերից թափվում են դանդաղ ,
Կապու~յտ գորգեր են փռում հուշերիս ,
Իսկ ես չեմ ուզում քնից արթնանալ ,
Ինձ օրորու~մ են երգերն աստղային...


среда, 1 декабря 2010 г.

ՈՒՇԱՑՈՒՄՈՎ...



Հոգիս ճաք է տվել, փշուր-փշուր եղել,
Օտար գույներն եկել, ծվարել են այնտեղ...

Սիրտս կուչ է եկել, նվաղել է կարծես,
Աստղաթափ է շուրջս ու լռություն անտես...

Միտքս ծառս է ելել, թափառական դարձել,
Փշոտ ճամփա ընտրել, դեգերում է անվերջ...

Աչքս ջուր է կտրել, հեռուներին գամվել,
Խոնավ շիթերն են լոկ նրան ընկեր դարձել...

Ունկս մեկից լարվել, հնչյուններին կառչել
Ու տքնում է միայն հարազա~տը գտնել...

Ձեռքս կոտրվել է հրաժեշտի ճամփին,
Շա~տ է ճանապարհել օտար ու ծանոթին...

Ոտքս, միևնույնն է, դեռ քայլում է առաջ,
Հորիզոններ դեռ կան ծանոթ ու անճանաչ...

Դեռ գույները նորից պիտի վերածնվեն,
Հոգուս բեկորները կրկին իրար ձուլեն...

Որ ապստամբ սիրտս լռությունը փշրի,
Ձեռքս ուշացումով դիմավորի~...գրկի~...