понедельник, 23 августа 2010 г.

ԵՍ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ...





Ես հեռանում եմ. հանկարծ չտխրես...
Իմ երազները թողնում եմ քեզ հետ,
Որ փարվեն ուսիդ ու լուռ գուրգուրեն,
Երբ մնաս մենակ ու առանց ընկեր...

Ես հեռանում եմ. արցունք չթափես...
Ողջ արցունքները տանում եմ ինձ հետ,
Հավաքեմ մի տեղ, դարձնեմ մեծ լիճ
Ու ջրեմ ծարավ ծառը կարոտիդ...

Ես հեռանում եմ. դու ժպտա, հոգիս...
Քո դեմքին հալվող մեղրակաթիլ եմ,
Որ խառնվել է գոլորշուն, օդին
Ու քաղցրացնում է կյանքդ, քո հոգին...

Ես հեռանում եմ. եթե ինձ փնտրես`
Աչքերիս լույսը կուղարկեմ ես քեզ,
Որ չխարխափես ու չմոլորվես,
Որ քեզ չկորցնեմ ու...մնամ քեզ հետ...

ՈՒԶԱԾՍ...



Ուզածս ի՞նչ է ...մի պտղունց հույս է,
Որ շաղ տամ ճամփին մարած երազիս,
Շուրջս մշուշ է, պատնեշված լույս է,
Ու...կոտրված ձեռք` ճանապարհելիս...

Ուզածս ի՞նչ է...մի բուռ ժպիտ է,
Որ իմ աչքերի լույսը խտացնի...
Գտածս փուչ է, սառցե հայացք է`
Հոգուս արևն իսկ այն չի հալեցնի...

Ուզածս ի՞նչ է...հոգեզրույց է,
Անբարբառ խոսք է, երգ ու մեղեդի...
Պարգևս ճիչ է, կամ լռություն է,
Սուտ ու խաբկանք է մի անմեկնելի...

Ուզածս ի՞նչ է...շատ է ու քիչ է,
Եղած ու չեղած, անվերջ պատրանք է...
Կոչումս զուր է` ապրած մի կյանք է,
Անցյալ ու ներկա, իմն է, իմը չէ...