четверг, 22 июля 2010 г.

ՄԵՂԱՎՈՐ ՔԱՄԻՆ...





Պատուհանիս տակ քամին էր սուլում.
Ես ունկնդիր էի նրա նվագին,
Մտքիս կծիկը վար էր գլորվում.
Ես անզոր էի նրա ընթացքին...

Մինչդեռ` հոգումս նոր երգ էր ծնվում,
Եվ մեղավոր էր ,անշուշտ, խենթ քամին.
Ինչ-որ մի քաղցր, անմեղ զգացում
Լուռ շուլալվում էր սրտիս ծալքերին...

Ես խնդրում էի քամուն հեռանալ,
Հեռացնել ինձնից երազն այդ անտես.
Իմ աղաչանքին շուտով նա անսաց,
Բայց...մտքիս կծիկը տարավ իր հետ...


суббота, 17 июля 2010 г.

ՄԻ ՆՈՐ ՀԵՔԻԱԹ...



Ես կարոտից պիտի մի նոր հեքիաթ հյուսեմ
Ու կարոտով պիտի իմ աշխարհը լցնեմ,
Անվերջ գույներ փնտրեմ, գույնին դառնամ ընկեր
Ու իմ հորինածով խենթ սիրահար լինեմ...

Ես կարոտով մի օր պիտի աստղեր ճախրեմ,
Այնտեղ սիրո հանգած կրակները վառեմ,
Կապույտ մի համբույրով մի խենթ սիրահարի
Մարած երազները կրկին կոչեմ կյանքի...

Ես կարոտից պիտի վերջ ի վերջո հոգնեմ,
Նրա կապույտ բոցը ինձնից վանել փորձեմ,
Ու երբ շատ տառապեմ, հորինածս փշրեմ,
Մի խենթ սիրահարի գուցե անդարձ կորցնեմ...